Մեկ տարի առաջ օվկիանոսում անհետացած Malaysia Airlines (MAS) ընկերության Boeing 777-200 օդանավի հետաքննությամբ զբաղվող մարմինը պարզել է, որ տեղի ունեցածի մեջ անձնակազմը մեղքի բաժին չունի, եւ թռիչքից առաջ ինքնաթիռը տեխնիկական խնդիրներ չի ունեցել: Այս մասին ասված է մարտի 8-ին թագավորության քաղավիացիայի դեպարտամենտի փորձագետների հրապարակած զեկույցում:
Մասնագետները նաեւ պարզել են, որ Boeing 777-200-ում տեղադրված ստորջրյա փարոսի սնուցման պիտանիության ժամկետը լրացել է օդանավի անհետացումից մեկ տարի առաջ: Ինքնաթիռներում տեղադրվող ստորջրյա ակուստիկ փարոսն օգնում է հայտնաբերել օդանավը: Զեկույցի հեղինակները նշում են, որ այն միջանկյալ է եւ տեխնիկական, քանի որ MH370 չվերթի՝ պատմության մեջ ամենաերկար եւ թանկարժեք որոնողական գործողությունը դեռեւս հաջողությամբ չի պսակվել:
Մալազիական ավիաընկերության Boeing 777-200 ինքնաթիռը՝ 227 ուղեւորով եւ անձնակազմի 12 անդամով, որը չվերթ էր իրականացնում Կուալա Լումպուրից Պեկին, ռադարների էկրաններից անհետացել է 2014 թվականի մարտի 8-ին, մալազիական ժամանակով 02:40-ի սահմաններում: Անձնակազմն ինքնաթիռում առկա որեւէ խնդրի կամ ուղերթի փոփոխության մասին ոչինչ չի հայտնել:
MH370-ի հետաքննությունն անցկացնում է անկախ մարմինը՝ Մալազիայի գլխավորությամբ, որը օդանավի օպերատոր երկիրն է: Հետաքննությանը մասնակցում է նաեւ եւս 7 երկիր. ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Չինաստանը, Սինգապուրը, Ինդոնեզիան եւ Ավստրալիան:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, Մալազիայի տրանսպորտի նախարար Լիոու Տիոնգ Լայը հայտարարել է, որ եթե Boeing-ի մնացորդները մինչեւ մայիսի վերջ չհաջողվի հայտնաբերել, որոնողական աշխատանքները ղեկավարող երկրների եռյակը ստիպված կլինի վերանայել գոյություն ունեցող տվյալները եւ գործողությունների նոր ծրագիր մշակել:


























