Հայաստանյան համայնքները երբեք աչքի չեն ընկել ֆինանսական կարգապահությամբ, որի հետեւանքով նրանց հույսին թողնված մանկապարտեզներն ու համայնքային ճանապարհները կիսաավերակ վիճակում են։ Ֆինանսական անկարգապահության դրսեւորումներից են աշխատավարձի պարտքերը, աշխատավարձի կամ այլ հոդվածների անիմաստ հավելումները, վճարումների ուշացումը։ Բայց վերջին շրջանում ամենալուրջ խնդիրը թերեւս հարկային ապառքներն են, այլ կերպ՝ չվճարված հարկերը։ Համայնքների մոտ դրանք հիմնականում գոյանում են գույքահարկի եւ հողի հարկի գծով։

Երեկ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը հրապարակեց ապառքների վերաբերյալ որոշ մանրամասներ։ 2010 թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի բոլոր համայնքները միասին վերցրած ունեն մոտ 30 մլրդ դրամի (ավելի քան 80 մլն դոլար) ապառք (ներառյալ դրանց մասով հաշվարկված տույժերը)։ Սա ավելին է, քան համայնքների 1 տարվա սեփական եկամուտները։

Երբեմն ապառքները առաջանում են օբյեկտիվ պատճառներով։ Եթե եղանակային պայմաններն անբարենպաստ են, կամ գյուղացին չի կարողանում բերքն իրացնել ինչպես հարկն է, նա նաեւ վատ հարկատու է դառնում, երբեմն իսպառ դադարում է հարկեր վճարել։ Բայց շատ հաճախ ապառքները գոյանում են անհասկանալի պատճառներով։

Երեւանում ապառքները (առանց հաշվարկված տույժերի) 2009 թ. մայիսի 1-ի դրությամբ (վերջին տվյալն է) կազմել են 11 մլրդ դրամ (մոտ 30 մլն դոլար), որի հիմնական մասը՝ 9,7 մլրդ դրամ (մոտ 26,5 մլն դոլար) բաժին է ընկնում գույքահարկին։ Այս ապառքների առաջացումը այնքան էլ հասկանալի չէ, քանի որ երեւանցիները գոնե գույքահարկի գծով պարտաճանաչ վճարումներ են կատարում, հակառակ դեպքում նրանք լուրջ խնդիրների կբախվեն։ Տեղական իշխանություններն այս առումով բավական ակտիվ են, եւ յուրաքանչյուր երեւանցի դա իր մաշկի վրա զգացել է։ Իսկ գուցե հարկերի վճարումից խուսափում են էլիտար բնակարանների սեփականատերե՞րը, կամ հովանավորներ ունեցող առեւտրային կառույցնե՞րը։ Եթե այս տեսանկյունից հարցին մոտենանք՝ պատահական չէ, որ ամենամեծ ապառքներ գոյացել են Կենտրոնում՝ մոտ 4,5 մլրդ դրամ կամ ապառքների ընդհանուր թվի 40 տոկոսը։ Մյուս «ամենաանկարգապահներն են» Մալաթիա-Սեբաստիա (ապառքը՝ 1,1 մլրդ դրամ) եւ Արաբկիր (ապառքը՝ 1,7 մլրդ դրամ) համայնքները։ Այս երեքը Երեւանի ամենահարուստ համայնքներն են, ուր կենտրոնացած է էլիտար շենքերի մոտ 80 տոկոսը։

Սամվել Ավագյան