ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրաժարվել է Ուկրաինային զենք մատակարարելու գաղափարից; Ամերիկացի առաջնորդը նման որոշում է կայացրել մարտի 9-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից հետո։ Այս մասին գրում է  Associated Press-ը՝ վկայակոչելով Վաշինգտոնում Գերմանիայի դեսպան Պետեր Վիտիգին։

Ըստ դեսպանի՝ Օբաման Մերկելի հետ ունեցած հանդիպման արդյունքում համաձայնվել է «դիվանագիտական եւ քաղաքական ջանքեր գործադրելու եւս մեկ հնարավորություն տալ։ «Երկու երկրների առաջնորդները կարծիքներ են փոխանակել այդ հարցով եւ եկել եզրակացության, որ հիմա մահաբեր պաշտպանական զենք մատակարարելու ժամանակը չէ»,- մեջբերում է դեսպանին Lenta.ru-ն։

Փետրվարի 1-ին հայտնի էր դարձել, որ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները նորից քննարկում են Կիեւին զենք մատակարարելու հնարավորությունը, ընդ որում, Կոնգրեսում ներկայացվել էր օրինագիծ, որի համաձայն՝ մինչեւ 2017թ. նախատեսվում էր Ուկրաինային 1 մլրդ դոլարի չափով  ռազմական օգնություն տրամադրել, որոնց թվում՝ պաշտպանական բնույթի մահաբեր սպառազինություններ։

Բարաք Օբաման անհանգստություն է հայտնել, որ այդ սպառազինությունները Ուկրաինա մատակարարելու դեպքում դրանք կարող են հայտնվել օտար ձեռքերում։