Գյումրիում մարտի 7-ի ուշ երեկոյան հնչած կրակոցների հետեւանքով վիրավորված Կնյազ Ղազարյանի առողջական վիճակը ծանր է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գյումրի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը:
Առաջընթաց է նկատվել մյուս վիրավորի՝ Գագիկ Ղուկասյանի առողջական վիճակում, նրա կյանքին վտանգ չի սպառնում, արհեստական շնչառության ապարատը անջատել են, կարողանում է շփվել: Դրական տեղաշարժ կա նաեւ Կնյազ Ղազարյանի եղբոր՝ Գագիկ Ղազարյանի առողջական վիճակում, երեք վիրավորներն էլ գտնվում են «Էրեբունի» բժշկական կենտրոնում:
Արմեն Իսահակյանը նշեց, որ Գյումրիի հիվանդանոցում գտնվող երեք տուժածների առողջական վիճակը լավ է: Կախված առողջական վիճակից՝ նրանց առաջիկա օրերին կարող են դուրս գրել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրիի Արցախ թաղամասում` Տերյան փողոցում, գիշերը կրակոցներ են հնչել: Ժամը 23:30-ից մինչեւ 00:30-ը սահմաններում տարբեր վնասվածքներով Գյումրիի բժշկական կենտրոն է տեղափոխվել 6 մարդ: Վիրավորներից 3-ը հրազենային վնասվածքներ են ստացել, իսկ մյուսները վիրավորվել են կտրող-ծակող գործիքներից:
Հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը պարզ է` Ղազարյան Սմբատ, Ղազարյան Գագիկ, Ղազարյան Կնյազ, Հակոբյան Վլադիմիր, Գեւորգյան Համլետ, Ղուկասյան Գագիկ: Նրանցից երեքին ծանր վիճակում տեղափոխել են Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Երեւան տեղափոխվածներն են Կնյազ Ղազարյանը (հրազենից ստացված գանգուղեղային վնասվածքով), Գագիկ Ղազարյանը (հրազենից ստացված ձախ ուսի հատվածում վնասվածքով) եւ Գագիկ Ղուկասյանը (բութ գործիքով հարվածի հետեւանքով գանգուղեղային վնասվածքով)։
Հիվանդանոց տեղափոխված քաղաքացիները Գյումրիի տարբեր թաղամասերից են՝ Արցախ, Սունդուկյան, Կ. Դեմիրճյան փողոցներից:
Կրակոցները հնչել են Տերյան փողոցում` «Պեգաս» խանութի մոտ: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ 2007 թվականին նույն այդ խանութի մոտ տեղի էր ունեցել փոխհրաձգություն` Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ ԲՀԿ-ական Արտաշես Սարգսյանի որդիների ու նրանց ընկերների միջեւ:




























