Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի հրապարակում մարտի 3-ին հրազենային վնասվածք ստացած, բազկամարտի Եվրոպայի նախկին չեմպիոն 33-ամյա Արման Թադեւոսյանն առաջիկա օրերին դուրս կգրվի հիվանդանոցից: Այս մասին NEWS.am-ին ասաց «Արմենիա» բժշկական կենտրոնի անոթային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Զաքար Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ Արման Թադեւոսյանի վիճակը կայուն է, բարդություններ չկան:
«Վիրակապը փոխելուն ես էլ եմ ներկա լինում, ամեն ինչ նորմալ է, վերքը լավանում է»,- ասաց բժիշկը:
Նա հայտնեց նաեւ, որ բազմիցս վիրավորված երիտասարդին հարցրել է դեպքի մանրամասները, սակայն վերջինս ասել է միայն, որ չի ճանաչում, թե ովքեր են իր վրա կրակել:
Նշենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 34-104-րդ եւ 235-րդ հոդվածների հատկանիշներով:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մարտի 3-ին ժամը 13:00-ի սահմաններում 23-24 տարեկան մի երիտասարդ Պռոշյան գյուղի կենտրոնում կրակել է 33-ամյա Արման Թադեւոսյանի ուղղությամբ: Նա հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: NEWS.am-ի տեղեկություններով՝ առկա է միջադեպի ամբողջ տեսագրությունը:





























