Բորիս Նեմցովի սպանության գործում պատվիրատու չի եղել։ Այս մասին ռուսական «Ռոսբալտ» գործակալությանը հայտնել են իրավապահ մարմիններում սեփական աղբյուրները։
Ըստ գործակալության տվյալների՝ հանցագործությունը պլանավորվել եւ իրագործվել է «Հյուսիս» հատուկ գումարտակի նախկին գրոհայիններ Զաուր Դադաեւի եւ Բիսլան Շավանովի կողմից։
«Հաշվի առնելով գործում առկա ապացույցները, վկաների եւ հիմնական մեղադրյալի ցուցմունքները՝ կարելի է միանշանակ եզրակացություն անել, որ Նեմցովի սպանությունը եղել է Դադաեւի եւ Շավանովի անձնական նախաձեռնությունը։ Նրանք այլ պատվիրատուներ չեն ունեցել»,- հայտնել է գործակալության աղբյուրը։
Ինչպես գրում է գործակալությունը, քննիչների մոտ ձեւավորվել է հանցագործության հետեւյալ պատկերը. այն բանից հետո, երբ Դադաեւն ու Շավանովը հեռացել են «Հյուսիս» գումարտակից, բավական ժամանակ շփվել են կրոնական թեմաներով։ Ֆրանսիայում Charlie Hebdo ամսագրի խմբագրատան վրա կազմակերպած ահաբեկչությունից հետո Դադաեւին եւ Շավանովին զայրացրել են մի շարք ռուս հասարակական գործիչների, այդ թվում՝ Բորիս Նեմցովի՝ զոհերին պաշտպանող հայտարարությունները։
Նրանք որոշել են պատժել այդ գործիչներից որեւէ մեկին, որպեսզի վրեժ լուծեն քննադատական հայտարարությունների համար, ինչպես նաեւ բարձրացնեն իրենց հեղինակությունը Հյուսիսային Կովկասի բնակիչների շրջանում։
Հանցագործութունը իրականացնելու համար նրանք գործի մեջ էին ներքաշել Մոսկվայում բնակվող իրենց հարազատներին՝ Անզոր եւ Շադիդ Գուբաշեւներին, ինչպես նաեւ ծանոթներին՝ Տամերլան Էսկերխանովին եւ Համզաթ Բախաեւին։
Զաուր Դադեւը ձերբակալվել էր Ինգուշեթիայում մարտի 6-ին։ Մեկ օր անց Գրոզնիում ձերբակալության ժամանակ զոհվել էր Շավանովը։ Մարտի 8-ին չեչեն նախագահ Ռամզան Կադիրովը Դադաեւին «Ռուսաստանի հայրենասեր» էր անվանել եւ նշել, որ Դադաեւին ճանաչողները նշում են, որ նա հավատացյալ մարդ էր։





























