Ինչպես ժողովուրդն է նկատել՝ «մեզ մոտ հացը չի թանկանում, պարզապես քաշն ավելի թեթեւ է դառնում»:

Սակայն հացթուխները, հավանաբար, հասել են կրիտիկական կետի, որին կարող հետեւել լիարժեք անկշռությունը: Այդ պատճառով էլ բարձրացրել են կարեւորագույն այդ մթերքի գինը: Փետրվարին մայրաքաղաքում հացը տարեկան կտրվածքով թանկացել է 6.5%-ով կամ 1 կգ-ը գրեթե 33 դրամով:

Զգալիորեն թանկացել են նաեւ հացահատիկային այլ մթերքները, օրինակ՝ մակարոնեղենի գինն աճել է գրեթե 10%-ով կմա 1 կգ-ը 53 դրամով: Հայտնի է, որ հացն ու հացամթերքը գերակշռում են սպառողական զամբյուղի մթերքներում, որը բնորոշում է բնակչության աղքատ շերտերի կենսամակարդակը:

Լոբու գինը մեկ տարվա ընթացքում աճել է 1 կգ-ը շուրջ 349 դրամով կամ 26.2%-ով, ոսպինը՝ 233 դրամով կամ 21.4%-ով: Ռուսաստանում հնդկաձավարի շուրջ իրարանցումը հասել է նաեւ մեր երկիր: Երեւանում այս մթերքը թանկացել է գրեթե մեկ երրորդով՝ շուրջ 32%-ով, եւ միջին գինն ավելացել է 302 դրամով՝ 1 կգ-ի դիմաց:

Տավարի միսը, գնի կարճատեւ «սառեցումից» հետո, կրկին թանկացման միտում է գրանցել: Մեկ տարվա ընթացքում Երեւանում տավարի մսի գինն աննշան, բայց եւ թանկացել է՝ 2.1%-ով: Հիմա գնորդներն այդ մթերքի 1 կգ-ի համար 52 դրամով ավելի են վճարում, քան անցյալ տարի:

Գնի կտրուկ աճ է արձանագրվել խոզի մսի պարագայում: Մեկ տարվա ընթացքում այն թանկացել է ավելի քան մեկ երրորդով (36%-ով) կամ 1 կգ-ը 1.079 դրամով: Մեր հաշվարկներով, անցյալ տարի խոզի մսի արտահանումը հասել է 43%-ի: Նշենք, որ 2007 թվականի աֆրիկյան ժանտախտի բռնկումից հետո խոզի գլխաքանակը մինչեւ հիմա չի վերականգնվել: Որոշ ֆերմերներ այսօր չեն ցանկանում խոզաբուծությամբ զբաղվել՝ համաճարակի կրկնության վտանգի պատճառով:

Ոչխարի մսի մանրածախ գինն աճել է 8.5%-ով կամ 1 կգ-ը 270 դրամով: Հիմա այն 1.4 անգամ ավելի թանկ է տավարի մսից: Պաշտոնական տվյալներով, անցյալ տարի ոչխարի արտահանումը կազմել է 88.500 գլուխ՝ նախորդող տարվա համեմատ կրճատվելով մեկ քառորդով: