ԱՄՆ-ում օտարերկրացի հանցագործների եւ հասարակական անվտանգության այլ սպառնալիքների դեմ անցկացված հատուկ գործողության շրջանակում Լոս Անջելեսում ավելի քան 200 մարդ է ձերբակալվել: Նրանց թվում նաեւ հայաստանցիներ կան: Այս մասին հաղորդում է «CBS» հեռուստաալիքը:

ԱՄՆ ներգաղթյալների եւ մաքսային ոստիկանության գործակալները հատուկ գործողություն են անցկացրել, որի թիրախում եղել են հանցագործներ Հարավային Կալիֆորնիայի վեց շրջաններից, այդ թվում՝ Լոս Անջելեսից, Օրինջից, Սան Բերնանդինոյից եւ Ռիվերսայդից:

Ձերբակալությունների թվով առաջատարը Լոս Անջելեսն է եղել, իսկ ամբողջ երկրում ավելի քան 2000 մարդ է ձերբակալվել: Նրանց կեսից ավելին դատապարտվել է քրեական հանցագործությունների համար, այդ թվում՝ կանխամտածված սպանության, մանկական պոռնոգրաֆիայի, գողության, առեւանգման եւ բռնաբարության:

Կասկածյալների գերակշիռ մասը՝ 167 հոգի, Մեքսիկայից է: Ընդհանուր առմամբ, 18 երկրի քաղաքացի է ձերբակալվել, այդ թվում՝ Պերուից, Եգիպտոսից, Հայաստանից եւ Հարավային Կորեայից: