Հիլարի Քլինթոնը լրագրողներին պարզաբանել է, որ, լինելով ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում, ծառայողական հաղորդագրություններն ուղարկել է անձնական էլեկտրոնային փոստով հարմարության նկատառումներից ելնելով:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնել էր, որ կստուգի մոտ 55 հազար հաղորդագրություններ, որոնք Քլինթոնն ուղարկել է իր անձնական հաշվից, իսկ հետո գրագրությունը կհրապարակվի գերատեսչության կայքում:

Պետքարտուղարության տվյալներով, պետքարտուղար եղած ժամանակ Քլինթոնը ծառայողական գրագրությունը վարել է անձնական էլեկտրոնային փոստի միջոցով, ինչը կարելի է դիտարկել որպես դաշնային օրենքի եւ պաշտոնյաներին վերաբերող հրահանգի խախտում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Քլինթոնի խոսքով՝ ինքն իր օգնականների հետ միասին տարանջատել է պաշտոնական նամակներն անձնականներից, երբ պետքարտուղարությունը պահանջել է ներկայացնել ողջ գրագրությունը: Միաժամանակ, նա նշել է, որ ավելի ճիշտ կլիներ, եթե երկու էլէկտրոնային փոստ ունենար՝ մեկը անձնական գրագրության համար, մյուսը՝ պաշտոնական: