Շաբաթվա վերջին կամ հաջորդ շաբաթվա սկզբին «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կգումարի նիստ եւ կընտրեն խմբակցության ղեկավար, քարտուղար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
Նա նշեց, որ այժմ գործուղման մեջ են գտնվում իրենց 5 գործընկերները, սպասում են նրանց վերադարձին, որպեսզի քննարկումների արդյունքում կոլեգիալ որոշում կայացվի:«Միքայել Մելքումյանը եւս արժանի թեկնածու է, այլ թեկնածուներ եւս կան, քանի որ հայտարարել ենք, որ այսուհետ ամեն ինչ որոշելու ենք կոլեգիալ, մենք ակնկալում ենք բաց, հրապարակային քննարկում, որի արդյունքում մեծամասնության քվոտայով կընտրենք խմբակցության քարտուղար»,-ասաց նա:
Անդրադառնալով Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցությունից երկու հոգու դուրս գալու մասին լուրերին, Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ որեւէ դիմում չի ստացել: Ինչ վերաբերում է պատգամավոր Մերուժան Սիմոնյանի եւ Հրանտ Դավթյանի՝ ԲՀԿ-ից դուրս գալուն, ԲՀԿ ղեկավարն ասաց, որ «իր շատ հարգարժան գործընկերներ պարոն Սիմոնյանից եւ պարոն Դավթյանից եւս դիմում չի ստացել, իսկ մնացածը խնդրեց ճշտել հենց նրանց հետ»:
Հարցին, թե լրատվամիջոցներում շրջանառվում է, որ ԲՀԿ-ից դուրս եկած պատգամավորները կարող են խումբ ստեղծել, դա հնարավոր համարում եք, Նաիրա Զոհրաբյանն այսպես պատասխանեց. «Իմ հարգարժան գործընկեր լրագրողներին նման լուրեր տարածելուց առաջ բարեկամաբար խորհուրդ կտամ կարդալ Աժ կանոնանակարգ օրենքը: Մի քանի տարի առաջ դա հնարավոր էր, սակայն այժմ կա Սահմանադրական դատարանի որոշում, որ եթե համամասնականով ընտրված պատգամավորը դուրս է գալիս խմբակցությունից, պետք է վայր դնի մանդատը: Խումբ ստեղծելու համար պետք է 10 պատգամավոր, որոնք պետք է լինեն կամ համամասնական ցուցակի առաջին 3 հորիզոնականները զբաղեցնող անձինք կամ էլ մեծամասնականով ընտրվածներ: Այդպիսի իրավիճակ չկա եւ չի կարող լինել, ԲՀԿ-ում այդքան մեծամասնականով ընտրված պատգամավոր չկա, ամենամեծ ցանկության դեպքում անգամ չեն կարող խումբ ստեղծել: Եթե ԲՀԿ-ից դուրս գալու պատճառը գաղափարական տարաձայնություններն էին, ապա նրանք կարող են միավորվել եւ հանդես գալ հզոր, առանձին գաղափարական միավոր ֆորմալ առումով»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:





























