ԱՄՆ Յուտա նահանգը կարող է դառնալ երկրում միակը, որը կօրինականացնի հանցագործներին գնդակահարելը մահաբեր ներարկման համար օգտագործվող նյութերը չբավականացնելու դեպքում։
Յուտայի օրենսդիր ժողովի ստորին պալատը փետրվարին հավանություն է տվել օրինագծին։ Նախագծի հեղինակները կարծում են, որ գնդակահարումն ավելի մարդասիրական եւ արագ մեթոդ է, քան մյուս միջոցները։
Օրինագծի ընդդիմադիրները պնդում են, որ մահապատժի համար հրազեն օգտագործելը դաժան է, իսկ Յուտան միջազգային քննադատության կենթարկվի նոր օրենքն ընդունելու դեպքում, գրում է ՏԱՍՍ-ը։
Օրենքի ուժ ստանալու համար նախագիծը պետք է ստորագրի հանրապետական նահանգապետ Հարի Հերբերթը։ Դեռեւս տեղեկություններ չկան այն մասին, թե արդյոք պատրաստվում է նա դա անել։
Նշենք, որ ԱՄՆ-ում մահապատիժը թույլատրված է 32 նահանգներում։ Որպես մահաբեր միջոց օգտագործվում է մահացու ներարկումը։





























