Հայաստանն իր կառուցվածքով լիովին համապատասխանում է եվրոպական կրթական համակարգի նորմերին։ Այս մասին մարտի 11-ին «Կրթության որակ ու համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի իրականացման եւ «Կրթության բարելավման» ծրագրի մեկնարկին նվիրված խորհրդակցության ժամանակ հայտարարել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը։
«Մենք այս տարիների ընթացքում դժվարություններով, խոչընդոտներով եւ քննադատությամբ լի երկար ճանապարհ ենք անցել։ Պետք է արձանագրենք, որ Հայաստանում կրթության ոլորտի բարեփոխումներն ընթացել են անշեղորեն, հնարավոր է, որոշ սխալներով եւ երբեմն էլ՝ ուղեկցվող տեղին քննադատությամբ։ Այսուհանդերձ այս տարիների ընթացքում երկրում կրթական բարեփոխումները կատարվել են ճիշտ ուղղությամբ։
Մենք կարողացել ենք հսկայական աշխատանք տանել՝ անտեսելով առկա խնդիրները։ Ոչ ոք մեզ չէր խոստացել, որ այդ ճանապարհը հեշտ է լինելու։ Այս տարիների ընթացքում մեզ հավատարիմ է մնացել նաեւ մեր գործընկերը՝ Համաշխարհային բանկը, որն օգնել է մեզ կրթության եւ կառավարման մշակույթ ձեւավորելու եւ լավագույն մասնագետների ներգրավելու հարցում։ Նոր վարկային ծրագիրը շարունակելու է նախորդի ուղղությունները։ Մենք կշարունակենք բարեփոխումները ավագ դպրոցներում։ Այսօր լուրեր են շրջանառվում, թե մենք վերադառնալու ենք կրթական նախկին համակարգին։ Ուզում եմ ընդգծել, որ ոչ մի փոփոխություն չի նախատեսում մեկ քայլ հետ կատարել։ Մենք ճիշտ ուղղությամբ ենք առաջ ընթանում, բոլոր մարտահրավերները մենք պետք է կարողանանք միասին հաղթահարել։ Համաշխարհային բանկի 10 ծրագրերից 4-ը ավարտվել են։ 6 մլն դոլար արժողությամբ նոր վարկային ծրագիրը թույլ կտա նորարարություններ իրականացնել։ Մենք շարունակելու ենք աշխատել դպրոցներում տեղեկատվական տեխնոլոգիաների ներմուծման ուղղությամբ։ Այս ծրագիրը կշարունակվի եւ նոր առաջընթացներ կբերի»,-վստահեցրել է նախարարը։





























