ՌԴ բեռնատար վագոնների խոշորագույն արտադրող «Ուրալվագոնզավոդը» «Ադրբեջանի երկաթուղիներ» ՓԲԸ-ին 2.9 հազար բեռնատար վագոն կմատակարարի։ Այս մասին մարտի 12-ին հայտնել է ռուսական ընկերությունը։

Համաձայն տարածած հաղորդագրության՝ «Ուրալվագոնզավոդի» եւ «Ադրբեջանի երկաթուղիներ» ՓԲԸ միջեւ բանակցություններն ընթացել են Բաքվում։

«Բանակցությունների արդյունքում ստորագրվել է պայմանագիր, որի համաձայն՝ «Ուրալվագոնզավոդը» պարտավորվում է «Ադրբեջանի երկաթուղիներին» 2900 միավոր տարբեր մոդելների բեռնատար վագոններ մատակարարել»,- մեջբերում է ընկերության տարածած հայտարարությունը «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նշենք, որ «Ուրալվագոնզավոդը» ռուսական տանկային մեքենաշինության  խոշորագույն ձեռնարկությունն է, որն արտադրում է բեռնատար վագոններ, կիսավագոններ, բեռնատար սայլեր եւ ցիստերներ։ Ընկերությունն ամբողջությամբ պատկանում է պետությանը։