2014 թ.-ին՝ Արցախի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հրադադարի համաձայնության ստորագրման 20-ամյակի տարում, Բաքուն լրջորեն սրեց իրավիճակը` զգալիորեն մեծացնելով հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը եւ թիրախավորելով քաղաքացիական շրջանները, այդ թվում՝ ծանր զինատեսակների օգտագործմամբ: Այս մասին մարտի 11-ին ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստում ունեցած իր ելույթում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։

Նրա խոսքով՝ Բաքվի այս քաղաքականությունը պատճառ է հանդիսացել աննախադեպ մեծ թվով կորուստների հակամարտության բոլոր կողմերի համար: «Ադրբեջանը, գրեթե ամբողջապես վերահսկելով ԶԼՄ-ների գործունեությունը իր երկրում, թաքցնում է իր իսկ սադրանքների արդյունքում մարդկային կորուստների իրական թիվը:

Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման հետեւանք հանդիսացող շարունակական լարվածության պայմաններում համանախագահները հանդիպեցին Ադրբեջանի արտգործնախարարին եւ «խիստ մտահոգություն հայտնեցին շփման գծի եւ Հայաստան – Ադրբեջան սահմանի երկայնքով ներթափանցումների առնչությամբ»: Նրանք ուղղակիորեն կոչ արեցին «Ադրբեջանին հավատարիմ մնալ հակամարտության խաղաղ կարգավորման իր պարտավորություններին»,-ասել է Նալբանդյանն ու հավելել. «Մենք ուրախ ենք, որ համանախագահները ի վերջո արձագանքեցին մեր կոչերին՝ հստակորեն մատնանշելով բռնության պատասխանատու կողմը: Այնուամենայնիվ, ոչինչ չի զսպում Ադրբեջանին: Եվ ոչ անգամ համանախագահ երկրների կոչերը՝ ձեռնպահ մնալու սադրիչ գործողություններից, հատկապես՝ կրոնական տոների նախօրեին եւ ընթացքում: Ադրբեջանը ակտիվացրեց իր հարձակումները Ամանորի եւ Սուրբ Ծննդի տոների ընթացքում՝ մարդկային զոհերի պատճառ հանդիսանալով»:

Հայաստանի ԱԳ նախարարը հիշեցրել է, որ փետրվարին՝ տարածաշրջան իրենց վերջին այցելության ընթացքում համանախագահները հայտարարեցին. «Նախագահները համաձայնեցին դիտարկել համանախագահների առաջարկները, որոնք կարող են ամրապնդել հրադադարի ռեժիմը»:

«Սակայն, համանախագահների տարածաշրջանային այցից անմիջապես հետո Ադրբեջանը հրաժարվեց առաջարկներից եւ առավել սրեց իրավիճակը՝ ցուցադրելով իր աղաղակող արհամարհանքը համանախագահների առաջարկների հանդեպ:

Շփման գծի միջադեպերի քննության մեխանիզմի շուրջ համաձայնության իրականացումը՝ վստահության եւ անվտանգության հաստատման միջոցների վերաբերյալ համանախագահների կողմից արված այլ առաջարկների հետ մեկտեղ, կարող են ծառայել որպես կարեւոր գործիք՝ նման միջադեպերի կանխման եւ խաղաղ բանակցություններին նպաստող մթնոլորտի ստեղծման համար: Սակայն Ադրբեջանը շարունակաբար մերժում է համանախագահների՝ հրադադարի ամրապնդման եւ վստահության հաստատման միջոցների առնչությամբ արված բազմաթիվ առաջարկները»: