Հայաստանում դրական զարգացումներ են արձանագրվել մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական բարեփոխումների, արդյունավետ կառավարման, խոսքի, հավաքների, ազատ մամուլի եւ համացանցի ոլորտներում: Այս մասին մարտի 11-ին ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստում ունեցած իր ելույթում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։

Նա իր խոսքում անդրադարձավ ԵԱՀԿ տարբեր կառույցների հետ Հայաստանի համագործակցությանը՝ շեշտելով այդ կառույցների ներդրումը Հայաստանում ժողովրդավարության խորացման գործում, ինչպես նաեւ` ԵԱՀԿ երեւանյան գրասենյակին եւ վերջինիս գործունեության առաջնահերթություններին:

«Հայաստանը արժեվորում է ԵԱՀԿ-ն` եւ՛ որպես նորմերի ձեւավորման, եւ կիրառման կազմակերպություն: Մենք շարունակում ենք սերտ համագործակցել ԵԱՀԿ կառույցների հետ, ներառյալ` Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ու ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցչի հետ: Վերջիններիս ներդրումը Հայաստանում ժողովրդավարության խորացման գործում դրական են ընդունվում մեր երկրում՝ հավասարապես թե՛ կառավարության եւ թե՛ քաղաքացիական հասարակության կողմից: Մարդկային հարթությունը ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի գործունեության առաջնահերթություններից է, որը ներկայումս կազմակերպության միակ լիարժեք գրասենյակն է Հարավային Կովկասում: Հայաստանում դրական զարգացումներ են արձանագրվել մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական բարեփոխումների, արդյունավետ կառավարման, խոսքի, հավաքների, ազատ մամուլի եւ համացանցի ոլորտներում», – նշեց Հայաստանի արտգործնախարարը։

Անդրադառնալով տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներին՝ նախարար Նալբանդյանն ասաց. «Հաշվի առնելով տեղի ունեցող ինտեգրացիոն գործընթացները ԵԱՀԿ տարածաշրջանում՝ թույլ տվեք ներկայացնել մեր համոզմունքն առ այն, որ ցուցաբերելով ավելի մեծ ստեղծագործական մոտեցում եւ հիմնվելով հնարավորությունների, այլ ոչ թե անհամատեղելիությունների վրա՝ մենք կարող ենք առավելագույնս օգտվել տարբեր ինտեգրացիոն ձեւաչափերից եւ ձեւավորել ներդաշնակության մթնոլորտ` խուսափելով նոր բաժանարար գծերից:

Ինչպես հայտնի է, Հայաստանը վերջերս միացավ Եվրասիական տնտեսական միությանը, ինչն արտացոլում է մեր ռազմավարական շահերը, մեր պետության համար ստեղծում է տնտեսական զարգացման նոր հնարավորություններ:

Ներկայումս մենք աշխատում ենք մեր ԵՄ գործընկերների հետ՝ որոշելու մեր համագործակցության հետագա իրավական շրջանակը, որն արտահայտելու է մեր համագործակցության էությունը` հիմնված այն առաջընթացի վրա, որը մենք արձանագրել ենք: Հայաստանը պատրաստ է բոլոր ձեւաչափերով, բոլոր հնարավոր ոլորտներով եւ ուղղություններով շարունակել համապարփակ համագործակցությունը, նկատի ունենալով մեր պարտավորությունները այլ ինտեգրացիոն գործընթացներում»: