Իրենց աշխատավարձային պարտքերը պահանջող՝ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները հանդիպում են պահանջում Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի հետ: Հարյուրից ավելի ցուցարաներ այսօր՝ մարտի 12-ին, հավաքվել էին  կառավարության մոտ, որտեղից երթով շարժվեցին Էներգետիկայի և բնական պաշարների  նախարարության շենքի մոտ, նրանք մտադիր են այնքան մնալ, մինչեւ նախարարն իրենց ընդունի:

«Փետրվարի 16-ից մինչեւ այսօր մենք պարբերաբար հավաքներ ենք կազմակերպում, բայց մեզ ոչ  մեկ ոչ մի պատասխան չի տալիս: Մեզ չէին ընդունում կառավարության մոտ, վարչապետին, ենթադրում էինք, որ նախարարը պետք է զեկուցեր, իսկ նախարարն էլ երկրում չէր: Հիմա մենք ցանկանում ենք հանդիպել նախարարի հետ եւ հասկանալ՝ ինքը ինչ նորություն ունի նաիրիտցիների հետ կապված: Մենք սպասում ենք, որ նախարան ասի՝ ժամանակացույցը պատրաստ է, գումարները առաջիկա վեց ամսում կվճարվեն»,- NEWS.am-ին ասաց «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակից Անուշ Հարությունյանը: 

Հիշեցնենք, որ հարկադիր պարապուրդի մատնված՝ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների՝ 18-24  ամսվա աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար: Նրանք բազմիցս հավաքվել են Կառավարության եւ նախագահականի մոտ՝ պահանջելով իրենց խնդիրների լուծում: