Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին կոչ է արել արեւմտյան երկրներին ընդլայնել հակառուսական պատժամիջոցների ցուցակը։ Այս մասին գրում է The Financial Times-ը։ Նավալնին թերթին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Մոսկվայի հանդեպ պատժամիջոցները պետք է տարածվեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր եւս 12 օլիգարխների, պաշտոնյաների եւ նրանց հարազատների նկատմամբ։
«Դուք կարող եք այդ ցուցակում ընդգրկել եւս հազար մարդու, որոնց մուտքը արեւմտյան երկրներ կարգելվի։ Սակայն դուք պետք է հարված հասցնեք պատերազմի քարոզիչներին, նրանց, ովքեր ֆինանսավորում են պատերազմը։ Եթե Ուսմանովի, Աբրամովիչի եւ նրանց ընտանիքների անդամների համար Լոնդոնի եւ Շվեյցարիայի առանձնատները անհասանելի դառնան, դա ինչ-որ բան կփոխի»,- մեջբերում է Նավալնուն Gazeta-ն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վաշինգտոնը Ռուսաստանի եւ Ուկրաինայի մի շարք քաղաքացիների ընդգրկել է ընդլայնված հակառուսական պատժամիջոցների ցուցակում։ Նրանց թվում են հրապարակախոս Ալեքսանդր Դուգինն ու նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը։




























