Ավելի շատ հայեր ապրում են արտասահմանում, քան Հայաստանում եւ, բնականաբար, ավելի շատ հաջողակ հայեր ապրում են արտասահմանում, քան Հայաստանում: Այս մասին սլովենական «Delo» օրաթերթին նտած հարցազրույցում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ անդրադառնալով տարածված այն կարծիքին, թե հայերը հարստանում են բոլոր վայրերում, բացի իրենց Հայրենիքից:

«Դուք գիտեք, մեր ժողովրդի 2/3-ը ապրում է աշխարհի 100 երկրներում: Ավելի շատ հայեր ապրում են արտասահմանում, քան Հայաստանում: Եվ բնականաբար ավելի շատ հաջողակ հայեր ապրում են արտասահմանում, քան Հայաստանում: Հայերը միշտ հայտի են եղել որպես լավ ձեռներեցներ, վաճառականներ եւ գործարարներ: Այնպես որ կարելի է ասել, որ այդքան էլ մեծ տարբերություն չկա նրանում, թե հայերը ապրում են արտասահմանում, թե Հայաստանում:

Ճգնաժամը գլոբալ բնույթ ունի, վերաբերում է գրեթե ամբողջ աշխարհին: Եթե ձեռներեցությունը ճգնաժամ է ապրում, պատճառը այն չէ, որ այն հայկական է»,-ասել է նա:

Հարցին, թե ինչպե՞ս է ազգային դրամի արժեզրկումը անդրադառնում հայերի կենսամակարդակի վրա, Նալբանդյանը պատասխանել է. «Իհարկե, ճգնաժամը ազդում է եւ Հայաստանի վրա, բայց ընդհանուր առմամբ, Հայաստանի կառավարության ջանքերի շնորհիվ հաջողվում է սանձել բացասական միտումները՝ որքան որ հնարավոր է»:

Ինչ վերաբերում է նրան, որ արտահանման ծավալները Հայաստանից Ռուսաստան կրճատվել են նույն ճգնաժամի պատճառով, Հայաստանի ԱԳ նախարարը նշել է. «Ռուսաստանը մեր առեւտրային հիմնական գործընկերն է, հիմնական ներդրողը: Սակայն դրանով հանդերձ մենք զարգացնում ենք ակտիվ տնտեսական հարաբերություններ ԵՄ անդամ երկրների, այլ տարածաշրջանների եւ երկրների հետ: Ճգնաժամային իրավիճակների պատճառով կոնյունկտուրային մոտեցում ցուցաբերել, շարժվել այն ուղղությամբ, որտեղ փչում է քամին, չեմ կարծում, թե ճիշտ է»: