Ադրբեջանն սին պատրանքներ ունի, թե իբր կարող է օգտագործել իր էներգետիկ հնարավորությունները` ընկերներ գնելու, ովքեր աչք կփակեն այդ երկրում մարդու իրավունքների խախտումների վրա: Այս մասին սլովենական «Delo» օրաթերթին տված հարցազրույցում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Սակայն ի՞նչ է իրականում տեղի ունենում: Մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կազմակերպությունները՝ եվրոպական եւ ոչ միայն, քննադատում են Ադրբեջանում մարդու իրավունքների աղաղակող վիճակը: Համաշխարհային ԶԼՄ-ները բնութագրում են Ադրբեջանին` որպես բռնապետական երկիր, նշում են այդ երկրում առկա լուրջ իրավախախտումների մասին: Դրանով հանդերձ ոչ ոք չի հերքում, որ Ադրբեջանն ունի մեծ էներգետիկ ռեսուրսներ: Այսինքն այն պատրանքը, թե հնարավոր է օգտագործել էներգետիկ ռեսուրսները եւս ինչ-որ բանի համար, շրջվել է հենց Ադրբեջանի դեմ»,-ընդգծել է նա:
Դիտարկմանը, թե այնուհանդերձ ԵՄ եւ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները այցելում են Բաքու եւ ունեն լավ հարաբերություններ Իլհամ Ալիեւի հետ, Հայաստանի ԱԳ նախարարը պատասխանել է. «Գիտեք, եղել են ժամանակներ, երբ տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներն այցելել են Լիբիա, հանդիպել են Քադաֆիի հետ, այցելել են Իրաք, հանդիպել Սադդամ Հուսեյնի հետ: Մենք գիտենք, թե ինչպես այդ ամենն ավարտվեց»:





























