Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզին  Հայ առաքելական եկեղեցու Իրաքի թեմի առաջնորդի կողմից հղած ուղերձը հայկական միամտության դրսեւորում է։ Այս մասին մարտի 12-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց պատմական գիտությունների թեկնածու Գեւորգ Յազիչյանը։

Ըստ պատմաբանի՝ անգլիական դիվանագիտությունը աշխարհում ամենակայունն է։ «Աշխարհում չլուծված հակամարտությունները, այդ թվում՝ Ղարաբաղի խնդիրը,  անգլիացիների կողմից ստեղծված պայթյունավտանգ ականներ են։ 1918-1919թթ. Անդրանիկը կարող էր լուծել Ղարաբաղի հարցը, բայց Բաքվում գտնվող անգլիացիները դա թույլ չտվեցին։ Նրանց բնորոշ է «բաժանի՛ր, որ տիրես» սկզբունքը։ Անգլիացիները միշտ առաջնորդվել են՝ ելնելով իրենց շահերից, եւ արքայազն Չարլզը ներկայացնում է անգլիական խորամանկ դիվանագիտությունը»,- ընդգծեց Յազիչյանը։

Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ լուրեր տարածվեցին, որ Ուելսի արքայազն Չարլզը ներկա է լինելու Գալիպոլիի ճակատամարտի զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը, որը Թուրքիայի կառավարությունը որոշել է նշել ապրիլի 24-ին Հայ առաքելական եկեղեցու Իրաքի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Ավագ Ասատուրյանը նամակով դիմել է արքայազնին։

«Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, Հայաստանի Հանրապետությունը պատրաստվում է կազմակերպել միջոցառում։ Նույն օրը  Թուրքիայի Հանրապետությունը որոշել է հիշել Գալիպոլիի ճակատամարտը, որի ժամանակ Օսմանյան կայսրությունը կռվել է Անգլիայի եւ նրա դաշնակիցների դեմ։ Անկասկած, այդ արարողությունը որեւէ առնչություն չունի Գալիպոլիի ճակատամարտի հետ։ Դրա նպատակն է ոչնչացնել ազգի մասին հիշողությունը»,- գրել է Ասատուրյանը։