ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը խոստացել է վաղը՝ մարտի 13-ին, հանդիպել բողոքող նաիրտցիների ներկայացուցիչների հետ: Այս մասին այսօր՝ մարտի 12-ին նախարարության շենքի մոտ հավաքված նաիրիտցիներին ասաց գործարանի արհմիության Հրաչ Թադեւոսյանը:
Նաիրիտցիները հանդպման ժամանակ կպահանջեն պարտքերի մարման 6-ամսյա ժամանակցույց սահմանել:
«Իրենք ուտեն, հարստանան, մենք էլ սոված-ծարավ աշխատել ենք, սոված-ծարավ պետք է մնանք, ինչի՞ համար: Ես ընտանիք եմ պահում, մինչեւ ե՞րբ պիտի էս վիճակը լինի: Ժամանակացույց ենք պահանջում, յուրաքանչյուր տղամարդ իր բերանից ելած խոսքը պետք է կատարի, հերիք է, մեր համբերության բաժակը լցվել է արդեն»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Նաիրիտի» նախկին աշխատակից Լեյլի Մստեյանը:
Նաիրիտցիները որոշեցին շաբաթ օրը հավաքվել նախագահական նստավայրի մոտ՝ իրենց հետագա անելիքները քննարկելու համար:
Հիշեցնենք, որ հարկադիր պարապուրդի մատնված՝ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների՝ 18-24 ամսվա աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար: Նրանք բազմիցս հավաքվել են Կառավարության եւ նախագահականի մոտ՝ պահանջելով իրենց խնդիրների լուծում:





























