Այսօր՝ մարտի 12-ին, Երեւանում ընթանում է 1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին նվիրված միջազգային կոնֆերանս «Հայ ժողովրդի ներդրումը մեծ հաղթանակի գործում» խորագրով։
Կոնֆերանսի մասնակիցներին հղած ուղերձում Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը ընդգծել է, որ հաղթանակը նվաճած մարդկանց հիշատակը հարգելը ընդհանուր պատիվ է։ Դեսպանը նշել է, որ Ռուսաստանում մեծ հաղթանակի 70-ամյակի շրջանակներում աննախադեպ միջոցառումներ են կազմակերպվելու։ Ռուս դիվանագետի խոսքով՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը հայ ժողովրդի համար մեծ նշանակություն է ունեցել։ Հայաստանում նույնպես պլանավորում են այդ օրվան նվիրված միջոցառումներ անցկացնել։ Օրինակ՝ ռադիո Վանն արդեն ձեռնարկել է «Նամակներ ճակատից» հայ-ռուսական համատեղ ծրագիրը։
Դեսպանի խորհրդական Անդրեյ Իվանովը, կարդալով Հայաստանում ռուսական դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի ուղերձը, իր կողմից նշեց, որ այսօր տեղեկատվական պատերազմների միջոցով փորձեր են ձեռնարկում հիշողությունը մաքրելու, զոհերի հիշատակը սեւացնելու, պատմության ընթացքը փոխելու, Նյուրնբերգի գործընթացի եւ ընդհանրապես պատերազմի արդյունքներից հրաժարվելու համար։ «Նման մոտեցումը վտանգավոր է, քանի որ նրանք, ովքեր մոռանում են անցյալը, չեն ունենում ապագա»,- հայտարարել է դեսպանի խորհրդականը։





























