ՀՀ-ում Եվրամիության պատվիրակությունը և Հայաստանի Երիտասարդ կանանց ասոցիացիան (ՀԵԿԱ) Ախթալայում մարտի 11-ին նշել են Կանանց միջազգային տոնը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ «Փաբլիսիս հեպտա» ընկերությունից:

Միջոցառումն իրականացվել է ԵՄ կողմից ֆինանսավորվող և ՀԵԿԱ-ի կողմից Լոռու մարզում իրականացվող  «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում: ՀԵԿԱ նախագահ Լիլիթ Ասատրյանն իր ելույթում նշել է, որ Եվրամիության կողմից կյանքի են կոչվում բազմաթիվ ծրագրեր, և այս մեկն էլ դրա վառ ապացույցն է: «Ծրագրի կողմից կազմակերպված դասընթացներին մասնակցել են Լոռու մարզի ավելի քան 140 կանայք և աղջիկներ: Դասընթացների արդյունքում մասնակիցների կողմից ներկայացվել է  ընդհանուր առմամբ  62  բիզնես ծրագիր, որից 12-ը՝ խմբային:  Ներկայացված ծրագրերից 14-ը ստացել են դրական գնահատական, որից  3  ծրագիր՝ 1-ը՝ Ախթալայում, և 2-ը՝ Ալավերդիում, արդեն ֆինանսավորվել են, և կանայք կյանքի են կոչել իրենց ծրագրերը: Մնացած 11 ծրագրերը,  որոնք ստացել են դրական գնահատական, գտնվում են վերջնական հաստատման, ընկերությունների գրանցման և փաստաթղթավորման փուլում, որից հետո նրանց նույնպես կտրամադրվեն ֆինանսական միջոցներ՝ դրամաշնորհի տեսքով»,- ասել է նա:

Միջոցառման ավարտին «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում ՀԵԿԱ աջակցությամբ հիմնված տիկնիկային թատրոնը ներկայացավ «Կարմիր գլխարկ» ներկայացմամբ: Սա դրական գնահատականի արժանացած սոցիալական ձեռներեցության ծրագիր է, որի հիման վրա Ախթալա համայքնում հիմնվել է տիկնիկային թատրոն: Մինչ այժմ տիկնիկային թատերախումբը ներկայացումներով հանդես է եկել մարզի տարբեր համայնքներում:

Բացի այդ, ծրագրի շրջանակներում արդեն իսկ ֆինանսական աջակցություն է տրամադրվել 3 կին ձեռներեցների: Ախթալայում տեխնիկական վերազինումից հետո վերագործարկվել է Արմենուհի Մամյանի հացի և խմորեղենի արտադրամասը: Ալավերդի համայքնում ֆինանսական աջակցություն է տրամադրվել Իրինա Իսրայելյանին՝ հյուրատնային բիզնեսը զարգացնելու և վրանային ճամբար/կեմպինգ/ հիմնելու համար, իսկ Անահիտ Ջաղինյանին տրամադրվել են սարքավորումներ խմորեղենի արտադրություն հիմնելու նպատակով:

Միջոցառմանը ներկա էին նաև Լոռու փոխմարզպետ Արսեն Դարբինյանը և Ախթալայի քաղաքապետ Հայկ Խաչիկյանը:

Նշենք, որ ծրագրի իրականացման համար ԵՄ-ն հատկացրել է 768.357 եվրո, տևողությունը 3 տարի է` 2013թ. մայիսից մինչև 2016թ. ապրիլ: