Շփման գծում իրավիճակը շարունակում է լարված մնալ, սակայն հունվարի վերջից դրությունը կայունացել է։ Մենք կողմերին կոչ ենք անում պահպանել հրադադարի ռեժիմը, խաղաղ բանակցությունների համար բարենպաստ հող ստեղծելու համար։ Ասյ մասին ԱՊԱ գործակալության հետ զրույցում հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։
«Հանդիպումների ժամանակ նախագահները հաստատել են հակամարտության խաղաղ կարգավորմանը հետեւելու իրենց պատրաստակամությունը եւ հայտարարել են, որ հաշվի կառնեն հրադադարի պահպանման ռեժիմի ամրապնդման շուրջ առաջարկները։ Մենք հույս ունենք, որ կողմերը այդ եւ մնացյալ հարցերի շուրջ համաձայնության կգան»,- նշել է միջնորդը։
Համանախագահը ընդգծել է, որ բանակցային գործընթացում պետք է հաշվի առնվեն նաեւ Լեռնային Ղարաբաղի բնակչության շահերը։ «Հենց այդ պատճառով համանախագահները այցելում են Լեռնային Ղարաբաղ եւ հանդիպում են փաստացի ղեկավարների եւ համայնքի այլ անդամների հետ»,- նշել է Ուորլիքը։
Համանախագահը նշել է, որ արտգործնախարարների մակարդակով հանդիպում է պլանավորվում։ «Չնայած նրան, որ մենք ողջունում ենք նման հանդիպումները, այդ որոշումը պետք է կայացնեն իրենք նախարարները»,- նշել է Ուորլիքը։
«2014թ. հոկտեմբերին կայացած փարիզյան հանդիպման ժամանակ նախարարները հայտարարեցին, որ նրանք կողմ են այս տարի զարգացնել երկխոսությունը։ Համանախագահների՝ տարածաշրջան կատարած վերջին այցի ընթացքում նախագահները պատրաստակամություն հայտնեցին այս տարի եւս հանդիպում կազմակերպել։ Մենք աշխատում ենք կողմերի միջեւ տարաձայնությունները նվազեցնելու եւ նախագահների հերթական հանդիպման օրակարգը մշակելու ուղղությամբ»,- եզրափակել է Ջեւյմս Ուորլիքը։





























