ԱՄՆ Սենատը միաձայն բանաձեւ է ընդունել, որով կոչ է անում «արագ եւ թափանցիկ» հետաքննել ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության հանգամանքները:

«Սենատը գնահատում է ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի խիզախ աշխատանքը, ով իր կյանքը նվիրեց կոռուպցիայի դեմ պայքարին եւ համընդհանուր եւ ռուս ժողովրդի անքակտելի իրավունքների պաշտպանությանը՝ ընտրել իր առաջնորդներին եւ ապրել ժողովրդավարական ստանդարտներին համապատասխան»,-ասված է փաստաթղթում:

Բանաձեւը գրված է բավական կոշտ դիվանագիտական լեզվով: Այնտեղ, մասնավորապես, ասվում է, որ Ռուսաստանում «տիրում է անպատժելիություն եւ պատասխանատվության պակաս», ինչպես նաեւ «իրավապահ, դատական եւ քննչական մարմինները հաճախ օգտագործվում են քաղաքական ընդդիմախոսներին եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին հետապնդելու համար», հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Սենատորները նաեւ երկրի նախագահ Բարաք Օբամային կոչ են արել «Մագնիտսկիի ցուցակում» ավելացնել Նեմցովի առաջարկած անունները, նաեւ «զգալիորեն ավելացնել ԱՄՆ կառավարության օգնությունը Ռուսաստանում համախոհ գործընկերներին՝ պայքարելու համար ՌԴ նախագահ Պուտինի կողմից ստեղծված քարոզչական հոսքի եի ատելության մթնոլորտի դեմ»:

Բանաձեւը կրում է խորհրդատվական բնույթ եւ չունի իրավաբանական ուժ: