Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մարտի 12-ին ընդունել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի գլխավորած պատվիրակությանը, որի ժամանակ քննարկվել են Արցախում կուտակային կենսաթոշակային համակարգին անցնելու մեխանիզմները:
Վարչապետը ողջունել է հյուրերին եւ շնորհակալություն հայտնել երկու հանրապետությունների նախարարությունների միջեւ առկա արդյունավետ համագործակցության համար:
Հանդիպմանը, որին մասնակցում էին նաեւ ԼՂՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը եւ պաշտոնատար այլ անձինք, քննարկվել են սոցիալական ոլորտին առնչվող տարբեր հարցեր: Մասնավորապես՝ նախանշվել են Արցախում կուտակային կենսաթոշակային համակարգին անցնելու մեխանիզմները: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը վարչապետին ներկայացրել է կենսաթոշակային իրազեկման կենտրոնի կողմից կենսաթոշակառուների մասին անհրաժեշտ տվյալների հավաքագրման ընթացքի, պարտադիր բաղադրիչի կիրառումը երկարաձգելու, բազայի ձեւավորման եւ արցախյան դաշտի հետ այն համապատասխանեցնելու մասին տեղեկություններ: Մտքեր են փոխանակվել Արցախում համակարգի ներդրման առանձնահատկությունների վերաբերյալ՝ պայմանավորվելով շարունակել համապատասխան մոտեցումների մշակման ուղղությամբ իրագործվող աշխատանքները:
Քննարկվել են նաեւ անապահովության գնահատման համակարգի բարեփոխմանը վերաբերող հարցեր: Ա. Ասատրյանը ներկայացրել է ՀՀ-ում այդ ուղղությամբ կատարվող աշխատանքները եւ գոհունակություն հայտնել, որ Արցախում եւս իրագործվում են համապատասխան բարեփոխումները: Վարչապետը կարեւորել է սոցիալական աջակցության համակարգի բարելավումը՝ դրա հիմքում դրվող անապահովության գնահատման նոր համակարգը համարելով առավել արդարացի եւ արդյունավետ: Ա. Հարությունյանի խոսքով՝ կարիքի վրա հիմնված սոցիալական աջակցությունը թույլ է տալու ավելի թիրախային մոտեցում ցուցաբերել սոցիալապես խոցելի քաղաքացիների հանդեպ:





























