Պաշտոնական այցով Քուվեյթի Պետությունում գտնվող վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ողջունելով մեր հայրենակիցներին՝ վարչապետը նշել է, որ Քուվեյթի հայ համայնքը մեր այն համայնքներից է, որի մասին միշտ հպարտությամբ են նշում մայր հայրենիքում: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ ընդամենը վաթսուն տարվա պատմություն ունեցող քուվեյթահայ համայնքն իր եռանդուն ջանքերի, նախաձեռնողականության եւ օրինակելի պահվածքի շնորհիվ վայելում է երկրի իշխանությունների եւ ողջ ժողովրդի հարգանքը` կարեւոր գրավական հանդիսանալով Հայաստանի եւ Քուվեյթի միջեւ բարեկամական հարաբերությունների խորացման համար: ՀՀ վարչապետն ընդգծել է, որ բարձրաստիճան հանդիպումների ընթացքում զգացել է Քուվեյթի իշխանությունների ընդգծված ջերմ եւ հարգալից վերաբերմունքը տեղի հայ համայնքի նկատմամբ:
Կառավարության ղեկավարը կարեւորել է Քուվեյթի առաջնորդանիստ Սրբոց Վարդանանց եկեղեցու եւ Հայոց ազգային վարժարանի դերը՝ հայապահպանության, համայնքի համակարգման ու միավորման գործում: «Այսօր,առավել քան երբեւէ, կարեւորվում է հայրենիքից դուրս ապրող մեր հայրենակիցների ինքնության, մայրենի լեզվի, հայկական մշակութային արժեքների պահպանումն ու սերունդներին փոխանցումը, Հայաստանի հետ կապերի ամրապնդումն ու զարգացումը»,- ընդգծել է ՀՀ վարչապետը։
Նշելով, որ այս տարվա ապրիլի 24-ին լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը՝ գործադիրի ղեկավարն ասել է. «Մենք՝ որպես ցեղասպանություն վերապրած ազգ եւ անկախ պետություն, խստորեն դատապարտում ենք ցեղասպանություն կոչվող չարիքը եւ կոչ ենք անում աշխարհին, որ միասնական ուժերով հասնենք նրան, որ այլեւս երբեք եւ ոչ մի տեղ չկրկնվի ցեղասպանությունը»: Վարչապետն ավելացրել է, որ հայ ժողովուրդը մշտապես անսահման երախտագիտությամբ է հիշելու արաբ ժողովրդի ցուցաբերած անուրանալի աջակցությունն Օսմանյան Թուրքիայում ցեղասպանությունից մազապուրծ հայերին: Կառավարության ղեկավարի խոսքով՝ հյուրընկալ, բարյացակամ եւ հանդուրժողական արաբական երկրները դարձել են այն հանգրվանները, որտեղ հայության բեկորները փրկություն եւ ապաստան են գտել, ամրացել, ոտքի կանգնել, ակտիվորեն մասնակցել եւ ինտեգրվել այդ երկրների քաղաքական, հասարակական, սոցիալ-տնտեսական եւ մշակութային կյանքին՝ միաժամանակ պահպանելով ազգային ինքնությունն ու պատմամշակութային դարավոր արժեքները: «Օսմանցի թուրքը չհասավ իր վերջնական նպատակին: Ավելին, հայը չընկրկեց, չհանձնվեց, այլ վերածնվեց եւ այսօր՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, աշխարհին ներկայանում է ազատ եւ անկախ Հայաստանի Հանրապետությունով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունով, միասնական ու միակամ Սփյուռքով, հաղթանակած ու հզոր բանակով»,- շեշտել է վարչապետը:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ Հայաստանն անմասն չէ համաշխարհային եւ տարածաշրջանային մարտահրավերներից: Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձությունների հետեւանքով Հայաստանում են ապաստանել շուրջ 12 հազար սիրիահայեր: «Հայաստանի Հանրապետությունն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում մեր քույրերին եւ եղբայրներին, հայաստանցիները ջերմագին եւ սրտաբաց ընդունում են սիրիահայությանը: Մեր քաղաքական կամքն ու դիրքորոշումն է՝ լինել յուրաքանչյուր սիրիահայի կողքին, ականջալուր լինել նրա ամենատարբեր խնդիրներին, արագ արձագանքել ու անհրաժեշտ լուծում տալ դրանց»,- նշել է Հովիկ Աբրահամյանն՝ իր երախտագիտությունը հայտնելով այն բոլոր կառույցներին, կազմակերպություններին ու անհատներին, որոնք ՀՀ իշխանությունների հետ միասին լծվել են սիրիահայությանն օգնելու մարդասիրական գործին:
Այս առումով վարչապետն առանձնակի ընդգծել է Քուվեյթի կառավարության դերը, որն առաջիններից էր, որ իր օգնության ձեռքն է մեկնել հազարավոր սիրիացիներին, այդ թվում նաեւ՝ Հայաստան տեղափոխված սիրիահայերին: ՀՀ կառավարության ղեկավարի խոսքով՝ պատահական չէ, որ Քուվեյթի Պետությունը 2014 թվականի օգոստոսի 18-ին ՄԱԿ-ի կողմից ճանաչվել է Միջազգային մարդասիրական կենտրոն, իսկ Քուվեյթի Էմիր Սաբահ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ-Սաբահը մարդասիրական գործունեության համար արժանացել է Մարդասիրական առաջնորդ կոչմանը:
«Միայն համատեղ ու նպատակաուղղված գործելակերպով եւ համախմբված ու միասնական լինելու դեպքումկարող ենք հարթել մեր առջեւ ծառացած յուրաքանչյուր խնդիր, հաղթահարել յուրաքանչյուր խոչընդոտ,ապահովել հայ ժողովրդի խաղաղ ու անվտանգ գոյությունը, շենացնել ու հզորացնել Մայր հայրենիքը»,- դիմելով քուվեյթահայերին՝ նշել է Հովիկ Աբրահամյանը:
Ամփոփելով Քուվեյթ կատարած պաշտոնական այցը՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Քուվեյթի իշխանությունների հետ ձեռք են բերվել կարեւորագույն պայմանավորվածություններ, որոնք կնպաստեն հայ-քուվեյթյան կապերի խորացմանը, տնտեսական հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը, համատեղ տարբեր ծրագրերի իրականացմանը:
Քուվեյթահայերը ողջունել են ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Քուվեյթ, շնորհակալություն հայտնել կառավարության ղեկավարին հանդիպման համար եւ նշել, որ հպարտությամբ են լցվել ՀՀ վարչապետի նկատմամբ Քուվեյթի իշխանությունների ցուցաբերած բարձր մակարդակի եւ ջերմ ընդունելության առթիվ: Քուվեյթահայերը համոզմունք են հայտնել, որ վարչապետի այցը նոր լիցք կհաղորդի երկու պետությունների հարաբերությունների զարգացմանը տարբեր բնագավառներում:
Հանդիպման ընթացքում վարչապետը հետաքրքրվել է Քուվեյթի հայ համայնքի գործունեությամբ, հայապահպանությանն ուղղված ծրագրերով, պատասխանել մեր հայրենակիցներին հետաքրքող հարցերին: Դրանք վերաբերել են ՀՀ կառավարության ծրագրային առաջնահերթություններին, հայրենիքում առկա իրավիճակին, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, հայ-քուվեյթյան հարաբերությունների զարգացման հեռանկարներին եւ այլ հարցերի:



































