Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակը հայ ժողովրդին փրկեց  դարասկզբի ողբերգությունը եւս մեկ անգամ վերապրելուց։ Այս մասին մարտի 12-ին Երեւանում կայացած միջազգային կոնֆերանսի շրջանակներում հայտարարել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Կլիմենտ Հարությունյանը՝ ներկայացնելով «Հայ ժողովրդի ներդրումը 1941-1945թթ. Հայրենական  մեծ պատերազմի հաղթանակում» զեկույցը։

Մի շարք աշխատությունների հեղինակ Կլիմենտ Հարությունյանը հիշեցրել է, որ պատերազմին մասնակցել է 600 հազար  հայ, որոնցից 300 հազարը՝ Խորհրդային Հայաստանից, 200 հազարը՝ ԽՍՀՄ երկրներից, եւս 100 հազարը՝ արտասահմանից։ «Հայերի ակտիվ մասնակցության մասին գրել է «Պրավդա» պարբերականը»,- նշել է Հարությունյանը։

Պատմաբանը օրինակ է բերել Հիտլերի հայտնի խոսքը Լեհաստանի վրա կատարած հարձակումից առաջ, թե ո՞վ է այսօր հիշում հայերի բնաջնջման մասին։ Այս խոսքերը արձանագրված են Վաշինգտոնում Հոլոքոստի թանգարանի պատերին։

Հայ ժողովուրդը մեկ մարդու պես ոտքի ելավ հայրենիքը պաշտպանելու, քանի որ շատ  լավ հասկանում էր, թե ինչ է սպասում իրեն ռազմական գործողություններին Թուրքիայի միանալու դեպքում։ Իսկ Թուրքիան այդ  ժամանակ 26 թուրքական դիվիզիա էր պատրաստի պահել եւ պարզապես հարմար պահի էր սպասում։

Հայ ազգը Հայրենական պատերազմի տարիներին տվեց ԽՍՀՄ 106 հերոս, 26 Փառքի շքանշանի ասպետ, 64 գեներալ, 1 ադմիրալ,  մարշալներ։ Հայրենիքի պաշտպանությանը մասնակցել է 6 հայկական դիվիզիա։

ԱՄՆ բանակում ծառայում էր շուրջ 20 հազար հայ, իսկ Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի զորքերում նրանց թիվը հասնում էր 30 հազարի։