Ֆրանսիայի նախկին առաջին տիկին Վալերի Տրիերվեյլերին մեղադրում են վնասվածքներ հասցնելու մեջ, հաղորդում է France 24-ը: Միջադեպը տեղի է ունեցել մարտի 12-ին, Փարիզի 15-րդ շրջանի սրճարաններից մեկում:
Աղբյուրի փոխանցմամբ՝ սրճարանի այցելուներից մեկը մոտեցել է կնոջը եւ սկսել է հարցեր տալ, թե ինչպես է ապրում նախագահ Ֆրանսուա Օլանդի նախկին ընկերուհին: Վիճաբանություն է սկսվել, որի ժամանակ Տրիերվեյլերը տղամարդուն ապտակել է: Վերջինս անմիջապես դիմել է ոստիկանություն, որտեղ ներկայացրել է տեղի ունեցածի իր տարբերակը:
Նախորդ տարի Տրիերվեյլերը գիրք է պրատարակել, որտեղ շատ անկեղծորեն նկարագրել է Օլանդի հետ իր 6-ամյա սիրավեպի մանրամասները, ներառյալ այն 18 ամիսները, երբ ինքը եղել է երկրի առաջին տիկնոջ դերում, հաղորդում է NEWSru-ն:
Հիշեցնենք, որ Օլանդի եւ Տրիերվեյլերի հարաբերություններն ավարտվել էին Օլանդի եւ դերասանուհի Ժյուլի Գայեի սկանդալային լուսանկարի հրապարակումից հետո:
Ոստիկանություն դիմած տղամարդը պետք է բժշկական հետազոտություն անցնի, պարզելու համար, թե ինչ վնաս է հասցվել նրա առողջությանը: Եթե պարզվի, որ հասցված վնասի վերականգնումը չի անցնում 8 օրից, ապա Տրիերվեյլերը կարող է տուգանքով ազատվել:





























