ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է դիտավորությամբ ուղեւորի առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել տաքսու վարորդին:

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ 2014 թվականի ապրիլի 16-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Երեւան քաղաքի բնակիչ Ա. Մուրադյանը Հին Երեւանցի փողոցից նստել է Ա.Աբելյանի վարած տաքսի մեքենան եւ ուղեւորվել Էրեբունի փողոց: Տեղ հասնելով՝ Ա.Մուրադյանը վճարել է 1.000 դրամ:

Տաքսու վարորդն ուղեւորից 1500 դրամ պարտքով գումար է խնդրել։ Վերջինս մերժել է՝ ասելով, որ իրենք ծանոթ չեն, ինչից հետո Ա.Աբելյանը պահանջել է, որ փոխադրման համար Ա.Մուրադյանը վճարի 1500 դրամ: Նշելով, որ նույն ճանապարհահատվածի համար միշտ 1.000 դրամ է վճարել, որից 200 դրամը եղել է թեյավճար՝ Ա.Մուրադյանը հրաժարվել է 1500 դրամ վճարել եւ փորձել է հեռանալ: Սակայն վարորդը թույլ չի տվել, առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ Ա.Աբելյանը մեքենայից վերցրած դանակով հարվածել է Ա.Մուրադյանին՝ որովայնի աջ կեսի կտրած-ծակած թափանցող վերքի, 12-րդ կողի, լյարդի, հետորովայնամզային տարածության վնասման ձեւով պատճառելով մարմնական վնասվածք, եւ դիմել է փախուստի:

Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա.Աբելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ 2015 թվականի մարտի 10-ին ուղարկվել է նախաքննության օրինակության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։