Մարտի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Նիկարագուայի արտաքին գործերի նախարարի տեղակալ, Նախագահի՝ Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով խորհրդական Լուիս Ալբերտո Մոլինային:

Ողջունելով հյուրին` ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը շահագրգռված է Նիկարագուայի հետ հարաբերությունների զարգացմամբ եւ հույս հայտնեց, որ այցը կնպաստի երկկողմ համագործակցության ամրապնդմանը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Նիկարագուայի ԱԳ նախարարի տեղակալն ընդգծեց, որ իր այցի նպատակն է տարբեր որլորտներում Հայաստանի հետ համագործակցության խորացման վերաբերյալ պայմանավորվածությունների ձեռքբերումը։

Հանդիպմանը քննարկվեցին քաղաքական երկխոսության հաստատման, արտաքին գործերի նախարարությունների միջեւ խորհրդատվությունների անցկացման, միջազգային կազմակերպություններում փոխգործկացության խթանման, միջխորհրդարանական կապերի եւ իրավապայմանագրային դաշտի ձեւավորման, առեւտրատնտեսական համագործակցության խթանմանն առնչվող հարցեր։ Պայմանավորվածութուն ձեռք բերվեց Երեւանում եւ Մանագուայում համատեղության կարգով դեսպաներ հավատարմագրելու մասին։

Զրուցակիցներն անդրադարձան նաեւ հրատապ տարածաշրջանային եւ միջազգային մի շարք խնդիրների: