Ուրուգվայի ԱԳՆ շենքի «Սանտոս» պալատի «Ֆլորենտինո» սրահում, մարտի 11-ին,  Ուրուգվայում ՀՀ դեսպանության աջակցությամբ տեղի ունեցավ իրավագետ, մարդու իրավունքների հարցերով մասնագետ Օսկար Լոպես Գոլդասարենայի «Հայկական մշակութային ցեղասպանություն» գրքի շնորհանդեսը:

Միջոցառմանը մասնակցում էին Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ռոդոլֆո Նին Նովոան, կրթության եւ մշակույթի նախարար Մարիա Խուլիա Մունյոսը, Ուրուգվայի համալսարանի ռեկտոր Ռոբերտո Մարկարյանը, սենատորներ Ռաֆայել Միկելինին եւ Ռուբեն Մարտինեսը, դեսպաններ, ակադեմիական եւ գիտական շրջանակների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Մոնտեվիդեոյի քաղաքապետարանի, ուրուգվահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, մարդու իրավունքների հարցերով ակտիվիստներ:

Իր ելույթում Ուրուգվայի արտաքին գործերի նախարարը անդրադարձավ մշակութային ժառանգությանը եւ դրա պահպանմանը` որպես ազգային ինքնության արտահայտչամիջոցի, ինչպես նաեւ միջազգային իրավունքի նորմերին, որոնք կարգավորում են այդ ոլորտը:

Գրքի հեղինակ, իրավագետ Օսկար Լոպես Գոլդարասենան իր ելույթում անդրադարձավ Հայոց ցեղասպանության պատմությանը, Երիտթուրքական կառավարության կողմից դրա ծրագրմանը՝ ընթերցելով եւ մեջբերումներ կատարելով բրիտանացի պատմաբան եւ մշակութաբան Առնոլդ Թոյնբիի զեկույցներից: Հեղինակը խոսեց նաեւ մշակութային ցեղասպանությունից՝ որպես առանձին երեւույթից, անկախ այն հանգամանքից թե մշակութային ցեղասպանությունը տեղի է ունենում որեւէ ազգի բնաջնջմանը զուգահեռ, թե ոչ: Ըստ հեղինակի` մշակութային ցեղասպանությունը կարող է իրականացվել անկախ բնաջնջումից: Հայոց ցեղասպանությունից մեկ դար անց շարունակվում է մշակութային ցեղասպանությունը. շարունակվում են ոչնչացվել մշակութային կոթողներ եւ հուշարձաններ, որպեսզի վերացվի հայ ժողովրդի ներկայությունն ու հետքն այդ վայրերում:

Գրքի շնորհանդեսին ելույթներով հանդես եկան նաեւ ուրուգվահայ համայնքի ներկայացուցիչներ, գիտնականներ, հասարակական-քաղաքական գործիչներ: