Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մարտի 13-ին ընդունել է ՀՀ ԱԺ Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի (ԽՀՀ) պատվիրակությանը` Սամվել Ֆարմանյանի գլխավորությամբ:
Ողջունելով ՀՀ ԱԺ գործընկերներին` ԼՂՀ խորհրդարանի նախագահը բարձր է գնահատել Հայաստան-Արցախ միջխորհրդարանական համագործակցության շրջանակներում տարբեր ձեւաչափերով հանդիպումները, ընդգծել Արցախի հարցում ՀՀ ԱԺ պատգամավորների կողմից միասնական դիրքորոշմամբ հանդես գալու պատրաստակամությունը:
Անդրադառնալով Եվրամիության եւ միջազգային այլ հարթակներում Լեռնային Ղարաբաղին առնչվող քննարկումներին` ՀՀ ԱԺ Հայաստան-ԵՄ ԽՀՀ պատվիրակության ղեկավար Սամվել Ֆարմանյանը կարեւորել է ՀՀ խորհրդարանականների կողմից Արցախի տեսակետը ճշգրիտ եւ հիմնավորված ներկայացնելու անհրաժեշտությունը:
Հանդիպմանը, որին մասնակցում էին ԼՂՀ Ազգային ժողովի խմբակցությունների ներկայացուցիչները, քննարկվել է միջխորհրդարանական համագործակցությանն ու առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցերի լայն շրջանակ:





























