Իրավաբանական ֆակուլտետի երեկվա ուսանողին անհնար է ուղարկել աշխատելու պրոբացիոն ծառայությունում, որքան էլ նա տեսական լավ գիտելիքներ ունենա: Այս մասին, այսօր՝ մարտի 13-ին, մամուլի ասուլիսում նշել է Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատժի բաժնի պետ, փոխգնդապետ Լեւոն Ավետիսյանը:
Նրա խոսքով՝ պրոբացիոն ծառայությունում անհրաժեշտ են տարբեր մասնագետներ՝ իրավաբաններ, հոգեբաններ, սոցիալական աշխատողներ: Բայց, հաշվի առնելով օրինախախտների հետ աշխատանքի բարդությունն ու սպեցիֆիկան, չի կարելի մտածել, որ սոցիալական ծառայության երեկվա աշխատակիցը կամ իրավաբանական ֆակուլտետի նախկին ուսանողը, որքան էլ գերազանցիկ լինի, պատրաստ մասնագետ են:
«Այդ հարցերի լուծմանը կօգնի ԵՄ-ի՝ ՔԿՀ-ների տեխնիկական աջակցության ծրագիրը եւ պրոբացիոն ծառայության ստեղծումը: Այդ ծրագիրը, ինչպես հայտնի է, արդեն սկսվել է»,-նշել է Ավետիսյանը:





























