Հայաստանում բանտերը կթեթեւանան միայն այն ժամանակ, երբ հնարավոր կլինի գնահատել հանցագործի կողմից հասարակությանը ներկայացվող վտանգի չափը։ Այս մասին այսօր՝ մարտի 13-ին կայացած քննարկման ժամանակ հայտարարեց «Իրավունքների պաշտպանության առանց սահմանների» ՀԿ իրավական փորձագետ Արշակ Գասպարյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանը նման մասնագետներ, ցավոք, չունի։ Հենց այդ պատճառով Հայաստանում պայմանական վաղաժամկետ ազատումը չի նվազեցնում քրեական ակտիվությունը։
Խնդիրն այն է, որ վաղաժամկետ ազատումից առաջ չի գնահատվում դատապարտյալների կողմից հանրությանը ներկայացվող ռիսկը։ Այդ ռիսկը պետք է գնահատի պրոբացիոն ծառայությունը։ «Իսկ այսօր, երբ մենք նման տվյալներ չունենք, որոշումները կայացվում են «աչքաչափով»։ Ընդ որում, փորձում են ռիսկի չդիմել եւ ազատել հնարավորինս քիչ մարդկանց»,- նշեց Գասպարյանը։
Պրոբացիոն ծառայության աշխատակիցները՝ հոգեբանները եւ սոցիալական աշխատողները, կլրացնեն իրավաբանների եւ քրեագետների աշխատանքը, այլ ոչ թե կհակազդեն նրանց։ Եթե իրավաբանները գնահատում են արարքը, ապա պրոբացիոն ծառայությունը գնահատում է մարդկանց, թե ինչպիսին է նա ընտանիքում, աշխատավայրում, հարեւանների հետ հարաբերություններում, ինչն է նրան հանցագործության դրդել, վտանգավոր է նա հասարակության համար, թե ոչ։ «Ամենակարեւորը այնպես անել, որ հանցագործը դադարի վտանգավոր լինելուց, գտնի իր տեղը կյանքում»,- նշեց Գասպարյանը։
Պրոբացիոն ծառայությունը կիրականացնի նաեւ հետքրեակատարողական հսկողություն, հոգեբանական խորհրդատվություն։ «Դուք բոլորդ տեղյակ եք, որ Շվեդիայում օրերս 4 բանտ փակվեց։ Ի՞նչ եք կարծում, ինչու՞։ Հենց աշխատանքի այս շղթայի շնորհիվ»,- եզրափակեց Գասպարյանը։





























