Արագ սնունդը դանդաղ մահ է: Այս մասին, այսօր՝ մարտի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիայի ղեկավար Մելիտա Հակոբյանը՝ սպառողների իրավունքների համաշխարհային օրվա (մարտի 15) նախաշեմին:

Նրա խոսքով՝ Հայաստանում ֆասթֆուդն այնքան էլ տարածված չէ, արագ սննդի ցանցերի ծառայություններից պարբերաբար օգտվում մեր երկրի բնակչության մոտ 1 տոկոսը: «Որքան էլ այս թիվը փոքր լինի, այն մեզ համար մտահոգիչ է, որովհետեւ գոյություն չունի վտանգավոր ու անվտանգ ֆասթֆուդ: Այն լինում է վտանգավոր եւ շատ վտանգավոր: Հատկապես, եթե հետեւից գազավորված ըմպելիքներ ես խմում»,-ընդգծել է Հակոբյանը: Նա կոչ է արել սպառողներին չայցելել ֆասթֆուդի կետեր, որոնց թիվը Երեւանում գնալով շատանում է: