Շատերը կարծում են, թե Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցանկանում է վերարտադրել իշխանությունը, սակայն հանրապետությունում դրա հետ կապված խնդիր այսպես թե այնպես չկար։ Անհրաժեշտության դեպքում իշխանությունը միշտ էլ վերարտադրվում էր։ Այս մասին մարտի 13-ին Հայաստանում ներքաղաքական իրադարձությունների քննարկումների ժամանակ հայտարարեց Միավորված աշխատանքային կուսակցության քաղաքական խորհրդական Վիգեն Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ իշխանության վերարտադրողը քվեարկողն է, որը հանդուրժում է այդ վերարտադրողականությունը։ «ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը ինձ հրավիրել էր մասնակցել Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը, որը մոտ 40 րոպե տեւեց։ Սերժ Սարգսյանը ոչ մի նոր բան չասաց. Նա շատ գրագետ կերպով հիմնավորեց, թե ինչու են Հայաստանում անհրաժեշտ սահմանադրական բարեփոխումները։ Լուրջ չէր լինի, ասել՝ ո՛չ, դրանք պետք չեն։ ՀՀ նախագահը բոլոր քաղաքական ուժերին առաջարկեց մասնակցել սահմանադրական բարեփոխումների տեքստին վերաբերող քննարկումներին։ Ես ասացի, որ Սահմանադրության բարեփոխումը պետք է քաղաքական քայլ լինի, սակայն ներկայիս իշխանությունների եւ ընդդիմության միջեւ վստահություն չկա։ Ես առաջարկեցի մշակել այդ վստահությունը։ Քաղաքական ուժերի հետ քննարկումների միջոցով կազմել 7-8 կետ այն մասին, թե որ քայլերն է պետք բացառել»,- հայտարարեց Խաչատրյանը՝ հավելելով, որ Սերժ Սարգսյանը չի մերժել այդ առաջարկը։
Հիշեցնենք, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակներում Սերժ Սարգսյանը հանդիպել է ԲՀԿ, «Ժառանգություն», ՀՅԴ, «Ազատ դեմոկրատներ» ՀՀՇ եւ ՄԱԿ կուսակցությունների ներկայացուցիչների հետ։





























