Եթե ոչինչ չարվի Հայաստանում արտանետումներր սահմանափակելու հարցում, ապա  ջերմաստիճանը մեր երկրում կբարձրանա մոտավորապես 5 աստիճանով, և խոցելի տարածքները կլինեն Արարատյան դաշտը, Մեղրու տարածքներն ու հարավարևմտյան  շրջանում: Այս մասին այսօր`մարտի 13-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը։

Ըստ Դիանա Հարությունյանի՝ Հայաստանը ունի չորս հիմնական խոցելի ոլորտներ, որոնց հարցում պետք է ունենա պետական նպատակային քաղաքականություն. «Մենք պետք է ունենանք պետական նպատակային քաղաքականություն հետևյալ խոցելի ոլորտներում` ջրային ռեսուրսներ, գյուղատնտեսություն, առողջապահություն, անտառային տնտեսություններ»։

Դիանա Հարությունյանի խոսքով՝ Հայաստանի կառավարությունը պետք է խթանի և ակտիվացնի իր մասնակցությունը միջազգային բնապահպանական գործընթացներին, ինչպիսիք են կլիմայի փոփոխության և ջերմոցային գազերի արտանետումների կրճատման գործընթացները, եւ փոխի ռեսուրսների էներգակառավարման ձևը, որպեսզի կարողանա զարգանալ։

 «Այն հիմնական այընտրանքային ռեսուրսը, որից Հայաստանը կարող է օգտվել, արևն է, բայց որքանով կարող ենք օգտվել, դա հարց է: Հայաստանում քիչ են այլընտրանքային ռեսուրսները, բայց զարգացած երկրները պետք է ֆինանսապես և մատչելի տեխնոլոգիաներով օգնեն մեզ նման երկրներին»,- ասաց Դիանա Հարությունյանը։