«Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հասարակական կազմակերպությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի եւ ՀՀ մշակույթի նախարարության հետ համագործակ-ցությամբ՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով մի շարք երկրներում կազմակերպում է թեմատիկ ֆիլմերի ցուցադրություններ՝ «Այլեւս երբեք…» խորագրի ներքո: Կինոցուցադրությունները մեկնարկել են «Քեզ հետ, Հայաստա՛ն» եւ հայկական քաղաքակրթությունը ներկայացնող ցուցահանդեսային ծրագրերին զուգահեռ:
Կինոցուցադրությունների համար ընտրվել են Հայոց ցեղասպանության մասին պատմող լավագույն խաղարկային եւ վավերագրական ֆիլմերը: Յուրաքանչյուր երկրի համար կազմվում է առանձին ծրագիր՝ հաշվի առնելով ֆիլմի քաղաքական, մշակութային եւ գեղարվեստական առանձնահատկությունները:
«Այլեւս երբեք…» ծրագիրը մեկնարկեց փետրվարի 24-ին, Բելառուսի Հանրապե-տության մայրաքաղաք Միսնկում: «Անիվ» հայագիտական ուսումնասիրությունների կազմակերպության աջակցությամբ, Բելառուսի պետական համալսարանի պատ-մության ֆակուլտետի ուսանողների համար փետրվարի 24-ին կազմակերպվեց Կառլա Կարապետյանի «Ճչացողները» ֆիլմի հատուկ ցուցադրությունը: Ցուցադրությունից առաջ Հայոց ցեղասպանության թեմայով ելույթներով հանդես եկան պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ Հատուկ հանձնարարություններով դեսպան Լեւոն Սարգսյանը եւ Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Խաչատրյանը: «Այլեւս երբեք…» ծրագրի նպատակները եւ ընթացքը ներկայացրեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն, ՀՀ ժողովրդական արտիստ Հարություն Խաչատրյանը: Կառլա Կարապետյանը, ով եւս հյուրընկալվել էր Մինսկում, ներկայացրեց իր ֆիլմը եւ ավարտից հետո պատասխանեց հանդիսատեսի հարցերին: Փետրվարի 25-ին, ժամը 19:00-ին, Մինսկի «Միր» կինոթատրոնում տեղի ունեցավ «Այլեւս երբեք…» ծրագրի պաշտոնական բացման արարողությունը եւ ռեժիսորի մասնակցությամբ ցուցադրվեց «Ճչացողները» ֆիլմը: Բացման արարողությանը ներկա էին տարբեր երկրների դեսպաններ, այդ թվում՝ Ճապոնիայի, Ռուսաստանի, Ղրղզստանի, Իրանի, Տաջիկստանի, դիվանագիտական կորպուսի տարբեր ներկայացուցիչներ, քաղաքական այրեր, մշակութային գործիչներ: Ընդհանուր առմամբ, Բելառուսում ցուցադրվել է լիամետրաժ, կարճամետրաժ եւ վավերագրական 7 ֆիլմ, այդ թվում՝ Սյուզան Խարտալյանի «Տատիկի դաջվածքները», Ատոմ Էգոյանի «Արարատ», Անրի Վերնոյի «Մայրիկ», Արա Երնջակյանի «Խավարում», Ներսես Հովհաննիսյանի «Հանդիպում ցուցահանդեսում» եւ Սերժ Ավետիքյանի «Շների կղզին» ֆիլմերը:
«Այլեւս երբեք…» ծրագիրը հաջորդիվ մեկնարկեց Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում: Մարտի 7-ին, Բեռլինի Մաքսիմ Գորկու անվան թատրոնում տեղի ունեցավ ծրագրի բացման արարողությունը: «Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնն «Ալյեւս երբեք…» ծրագիրը Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում կազմակերպում է Մաքսիմ Գորկու անվան թատրոնի հետ համատեղ: Ծրագրի համադրողը նշանավոր կինոօպերատոր, ռեժիսոր Ֆրեդ Քելեմենն է: «Այլեւս երբեք…» ծրագրի նախնական գաղափարը Գերմանիայում վերածվեց հայկական մշակույթի մեկամսյակի, որի ընդհանուր խորագիրը «Պաղատանք» է: Ծրագրում ընդգրկված են ներկայացումներ, համերգներ եւ կինոդիտումներ:
Կինոցուցադրությունների բացման արարողությունից առաջ հայտնի պատմաբան Էլկե Շողիկ Հաթմանը ներկայացրեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ պատմական ակնարկ: Ցուցադրվեցին Օսկար Ափֆելի «Հոշոտված Հայաստան» ֆիլմի պահպանված հատվածը եւ Սյուզան Խարտալյանի «Տատիկի դաջվածքները» ֆիլմը: Մաքսիմ Գորկու թատրոնի հրավերով բացման արարողությանը մասնակցեց եւ ֆիլմերը ներկայացրեց կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը: Մարտի 8-ին մեկնարկեց Հարություն Խաչատրյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը, որը եւս ներառված է «Պաղատանք» ծրագրում: Հատուկ հրավիրյալների թվում էին նաեւ կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը եւ դերասանուհի Արսինե Խանջյանը, ովքեր ներկայացրել էին վիդեոինստալյացիա` նվիրված «Հոշոտված Հայաստան» ֆիլմի գլխավոր դերակատար եւ սցենարի հեղինակ Արշալույս (Ավրորա) Մարդիգանյանին: Մաքսիմ Գորկու թատրոնում, Հայոց ցեղասպանությանը նվիրված ֆիլմերի ցուցադրությունները կշարունակվեն մինչեւ ս. թ. ապրիլի 7-ը:
«Այլեւս երբեք…» ծրագրի շրջանակում մինչեւ «Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնի մեկնարկը, ցուցադրություններ տեղի կունենան նաեւ Բուլղարիայում, Ռուսաստանում, Լեհաստանում, Ֆրանսիայում, Թուրքիայում, Իրանում եւ Շվեյցարիայում:
Ս. թ. մարտի 13-ին, ժամը 14:00-ին, ՀՀ մշակույթի նախարարությունում «Այլեւս երբեք…» ծրագրի մեկնարկին եւ ընթացքին նվիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ծրագրերի ղեկավար Միքայել Ստամբոլցյանը, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը եւ «Այլեւս երբեք…» ծրագրի համակարգող Րաֆֆի Մովսիսյանը:





























