Ռուսական «Ինտերֆաքս» լրատվական գործակալության՝ Քննչական կոմիտեի աղբյուրները  հայտնել են, որ ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործում քննիչներն առաջնային վարկած ունեն։

«Այս պահին կա մի քանի վարկած, բայց հետաքննությունը հակված է կարծել, որ Նեմցովին սպանել են երկրում ապակայունություն տարածելու եւ իշխանություններին վարկաբեկելու նպատակով»,- նշել է աղբյուրը՝ հավելելով, որ իրենք կասկած չունեն, որ սպանությունը պատվիրված է եղել, իսկ դրա հետքերը տանում են դեպի արտասահման։ Հետաքննությունը նշել է, որ այս վարկածն ապացուցող փաստեր կան։ Այս պահին պարզվում է հնարավոր պատվիրատուի ինքնությունը։

Հիշեցնենք, որ Բորիս Նեմցովի սպանության գործով Մոսկվայի Բասմանի դատարանը 5 հոգու կալանքի որոշում էր կայացրել։ Ավելի վաղ նրանցից մեկը՝ Զաուր Դադաեւը հրաժարվել էր խոստովանական ցուցմունքներից։