2015թ. ընթացքում Իտալիայի Թուրին քաղաքում կանցկացվեն Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված միջոցառումներ, տեղեկացնում է torinotoday.it-ը։ Հայաստանը՝ մուսուլմանական երկրներով շրջապատված քրիստոնյա այս հողակտորը, ծնել է մշակույթ, ճարտարապետություն եւ երաժշտություն, որոնք միահյուսում են արեւմտյան եւ արեւելյան մշակույթների տարրերը, գրում է պարբերականը։

«Հիշատակը վառ է մնում։ Սա պետք է դաս լինի մեր երկրի համար, որը ինքնագիտակցության խնդիրներ ունի»,- հայտարարել է քաղաքային խորհրդի փոխնախագահ Սիլվիո Մալյանոն։

Միջոցառումները մեկնարկը կտրվի մարտի 21-ին «Արմին Վենգերն ու Անատոլիայի հայերը 1915թ.» եւ «Հայերն ու Կարեն Քոչարյանի Հայաստանը» ֆոտոցուցահանդեսներով։

Ցուցահանդեսներին կհաջորդեն թեմատիկ դասախոսություններ, որոնցում կանդրադառնան նաեւ ցեղասպանությունից փրկվելու գործում կանանց ունեցած դերին։

Իտալացի հանդիսատեսին արվեստի միջոցով փորձում են մոտեցնել Հայաստանին։ Մայիսի 7-ին Ջուզեպպե Վերդիի անվան կոնսերվատորիայում կկայանա հայկական ժողովրդական երաժշտությանը նվիրված մեծ համերգ, որտեղ կհնչեն նաեւ պարսկական, ադրբեջանական, հրեական, թուրքական եւ արաբական երաժշտության մոտիվներ, գրում է պարբերականը։

Տարվ ընթացքում քաղաքում կկազմակերպվեն կինոյին եւ գրականությանը նվիրված փառատոններ։ «Քաղաքաբնակների համար սա լավ հնարավորություն է բացահայտել անկրկնելի հայկական երաժշտությունը, որը, չնայած իր ողբերգական էջերին, կենդանի է մնացել՝ դարեր շարունակ գրավելով աշխարհի տարբեր ազգերի եւ ժողովուրդների»,- գրում է Torino Today-ը։