Իտալիայի  Լոմբարդիայի շրջանային խորհրդի նախագահ Ռաֆայել Կատանեոն հանդիպել է Միլանում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Այլըն Սեքիզքոքի հետ։ Ասյ մասին հայտնում է Lombardia Quotidiano-ն։

Հյուպատոսը խնդրել է քննարկումից առաջ եւս մեկ անգամ խորհել Շրջանային խորհրդի անդամ Ստեֆանո Բրունո Գալլիի՝ «Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումների մասին» նախագծի շուրջ, որը շրջանային կառավարությանը կոչ է անում աջակցել Ցեղասպանության հիշատակին նվիրված միջոցառումներին եւ քայլեր ձեռնարկել՝ ստիպելու համար Թուրքիային ճանաչել Ցեղասպանությունը՝ որպես Եվրամիությանն անդամակցելու պարտադիր պայման։

«Սկսեք ճանաչել ճշմարտությունը։ Դա այն կայծն է, որից կսկսվեն առողջ քննարկումները մեր խորհրդում։ Երկխոսությունը, խաղաղությունն ու տարբեր ազգերի հանդեպ փոխադարձ հարգանքը մեր աշխատանքի սկզբունքներն են, որոնք հարգում են մեր բոլոր անդամ խմբակցությունները»,- հայտարարել է Լոմբարդիայի շրջանային խորհրդի նախագահ Կատանեոն։

Իր հերթին հյուպատոսը ներկայացրել է «Ցեղասպանություն» եզրի վերաբերյալ Թուրքիայի տեսակետը։ Թուրքական կողմը կիսում է կատարվածի ցավը, եւ այդ մասին խոսվել է Թուրքիայի կառավարությունում։ «Թուրքիան կարող է բացել իր դռները հայերի առջեւ»,- նշել է հյուպատոսը։

 «1915թ. ողբերգությունը խոր հետք է թողել 20-րդ դարի պատմության մեջ։ Հայ ժողովրդի եւ նմանօրինակ այլ ողբերգությունները պետք է դիտարկել ոչ միայն իրավունքի, այլեւ պատմական ճշմարտության տեսանկյունից»,- հայտարարել է նախագծի հեղինակ Գալլին։