Երեւանի խանութներում աշխատանքային օրը չափից ավելի երկար է: Այս մասին այսօր՝ մարտի 14-ին, Սպառողների համաշխարհային օրվա (մարտի 15) առթիվ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Սպառողների խորհրդատվական կենտրոնի նախագահ Կարեն Չիլինգարյանը:

«Թվում է՝ պետք է ուրախանանք, որ օրվա ցանկացած ժամի կարող ենք մտնել խանութ, բայց եկեք մտածենք վաճառողների մասին, որոնք այնտեղ աշխատում են 12 ժամ: Ցավոք, նրանց իրավունքները պաշտպանված չեն, եւ պետությունը գործատուներին չի պարտավորեցնում նրանց աշխատաժամանակը մոտեցնել նորմալին»,-նշել է Չիլինգարյանը:

Նրա խոսքով՝ շատ հայեր արտասահմանում զարմանում են, թե ինչու երեկոյան ժամը 7-8-ից հետո խանութները փակվում են եւ դա վերագրում են վատ սպասարկմանը: «Իսկ խնդիրը բոլորովին այլ է, ուղղակի Արեւմուտքում հետեւում են աշխատանքային օրենսգրքին»,-ընդգծել է Չիլինգարյանը: