Եթե համաեվրոպական բանակ ստեղծելու գաղափարը կյանքի կոչվի, ապա փոքր եվրոպական երկրները կկորցնեն իրենց ինքնուրույնությունը։ Այս մասին մարտի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց փորձագետ,  արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ անդրադառնալով Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի՝ համաեվրապական բանակ ստեղծելու մասին հայտարարությանը։

Փորձագետը հիշեցրեց  Յունկերի խոսքը, թե համաեվրոպական բանակ ստեղծելու հիմնական նպատակը Ռուսաստանին զսպելն է։ «Յունկերը հարցազրույցում նաեւ նշել էր, որ Եվրոպայի հեղինակությունը նվազել է, ուստի անհրաժեշտ է այն բարձրացնել եւ ստեղծել ինչպես անվտանգության, այնպես էլ արտաքին թշնամիներից պաշտպանող  համակարգ»,- նշեց Նավասարդյանը՝ հիշեցնելով, որ Յունկերը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հովանավորյալն է։ «Ինչու՞ նա նման հայտարարություն արեց հենց այս պահին։ Այդ գաղափարը համընկավ միասնական էներգետիկ համակարգ ստեղծելու գաղափարին։ Մերկելը համաեվրոպական բանակ ստեղծելու դեպքում կարող է հայտնվել բուրգի գագաթին եւ կոպիտ ասած առնալ Եվրոպայի ղեկավարը։ Այստեղ մենք գործ ունենք լավ մտածված բլեֆի հետ»,- կարծիք հայտնեց Արման Նավասարդյանը։

Հիշեցնենք, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը կոչ էր արել համաեվրոպական բանակ ստեղծել եւ կարծիք էր հայտնել, թե դրանով Եվրոպան վստահ կարձագանքի ինչպես անդամ պեռտությունների, այնպես էլ ԵՄ հարեւան երկրների անվտանգության սպառնալիքներին։