Նյու Յորքում մարտի 13-ին բացվել է «Պատասխանատվություն 2015» միջազգային կոնֆերանսը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին։ Այս մասին ասված է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Twitter-ի էջում։

«Պատասխանատվություն 2015» (Responsibility 2015) կոնֆերանսի առաջին օրը իրավագիտության պրոֆեսոր Հանիբալ Թրեվիսը, բանախոս Ջեֆրի Ռոբերթսոնը եւ դոկտոր Անդրանիկ Գասպարյանը քննարկել են 100 տարի շարունակ մարդու իրավունքների ոտնահարումները՝ շեշտադրումը դնելով Հայոց ցեղասպանության արդար դատի վրա։

Իր ելույթում բանախոս Ջեֆրի Ռոբերթսոնը դատապարտել է Հայոց ցեղասպանության հարցում ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի խուսափողական դիրքորոշումը։ «Ցեղասպանության եզրափակիչ փուլը դրա ժխտումն է։ Հայոց ցեղասպանության սպիները թարմ կմնան այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան հստակ չի ճանաչել այն եւ չի հատուցել վնասը»,- նշել է իրավաբանը։

Ինչ վերաբերում է Ցեղասպանության հետեւանքների փոխհատուցմանը, ապա Ռոբերթսոնի կարծիքով՝ ամեն բան պետք է դրվի սեղանին՝ անհրաժեշտ հետազոտություններով եւ գործը ավարտին հասցնելու նպատակով համապատասխան գործունեությամբ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, մարտի 13-15-ը Նյու Յորքում առաջատար պատմաբանների, իրավաբանների, քաղաքական գործիչների եւ դերասանների մասնակցությամբ ընթանում է Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված «Պատասխանատվություն 2015» եռօրյա միջազգային կոնֆերանսը։