Գերմանիան արեւելք ուղղված արշավ է իրականացնում, համառորեն ձգտում է դեպի Ուկրաինա, Բալթյան երկրներ: Այս մասին, այսօր՝ մարտի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է փորձագետ, նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ անդրադառնալով համաեվրոպական բանակ ստեղծելու հարցում Գերմանիայի շահագրգռվածությանը:
Նրա խոսքով՝ Գերմանիան ներկայումս շարունակում է իր քաղաքական գիծը, որը նա վարել է շուրջ մեկ դար: «Նրանք արդեն հոգնել են լինել օկուպացված երկիր. Գերմանիայում կան բազմաթիվ ռազմաբազաներ՝ ամերիկյան ու ՆԱՏՕ-ի: Նրանք, կարծես, ուզում են փոխել այս իրավիճակը եւ վերջնարդյունքում դուրս գալ ՆԱՏՕ-ի կազմից»,-հայտարարել է Նավասարդյանը:
Հիշեցնենք, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հայտարարել է համաեվրոպական բանակ ստեղծելու մտադրության մասին: «Համաեվրոպական բանակը հնարավոր չէ ստեղծել մի վայրկյանում, բայց դա Ռուսաստանին հասկացնել կտա, որ մենք լրջորեն ենք վերաբերվում ԵՄ արժեքների պահպանմանը»,-ընդգծել է Լյուքսեմբուրքի նախկին վարչապետ Յունկերը: Նա նաեւ հավելել է, որ համաեվրոպական բանակը ողջ աշխարհին ցույց կտա, որ ԵՄ երկրների միջեւ երբեք պատերազմ չի լինի:





























