Համաեվրոպական բանակը, եթե այն ստեղծվի, չի կարող որեւէ լուրջ քայլ ձեռնարկել Ռուսաստանի զինվորական ռազմավարական պոտենցիալի դեմ: Այս մասին այսօր՝ մարտի 14-ին, մամուլի ասուլիսում նշել է փորձագետ, նախկին արտակարգ եւ լիզաոր դեսպան Արման Նավասարդյանը՝ անդրադառնալով հարցին, թե կարո՞ղ է համաեվրոպական բանակը սպառնալիք դառնալ Ռուսաստանի կամ ՀԱՊԿ-ի համար:

Այդուհանդերձ, ըստ Նավասարդյանի, ներկայումս նոր աշխարհակարգի ստեղծում է տեղի ունենում, որտեղ Եվրոպան երկրորդական տեղ է զբաղեցնում, բայց վերջնարդյունքում կարող է անցնել առաջին տեղ:

Ինչ վերաբերում է համաեվրոպական բանակ ստեղծելու իրական հեռանկարներին, փորձագետն ընդգծել է. «Գերմանիան ցամաքային զորքեր ստեղծելու հրաշալի ռազմական դպրոց ունի, այստեղ ոչ մի դժվարություն չկա: Դրան կարելի է հավելել Ֆրանսիային՝ իր ռազմավարական միջուկային զենքով եւ նման զենք ստեղծելու ունակությամբ: Ինչ վերաբերում է փողին, Եվրոպայում փող կա. Գերմանիան ամենաաղքատ երկիրը չէ, այդպիսին չէ նաեւ Ֆրանսիան, եթե դրված է իրական նպատակ»:

Նավասարդյանը նաեւ հավելել է, որ ԵՄ երկրների տարածքում ապրում է 500 մլն մարդ:

Հիշեցնենք, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հայտարարել է համաեվրոպական բանակ ստեղծելու մտադրության մասին: «Համաեվրոպական բանակը հնարավոր չէ ստեղծել մի վայրկյանում, բայց դա Ռուսաստանին հասկացնել կտա, որ մենք լրջորեն ենք վերաբերվում ԵՄ արժեքների պահպանմանը»,-ընդգծել է Լյուքսեմբուրքի նախկին վարչապետ Յունկերը: Նա նաեւ հավելել է, որ համաեվրոպական բանակը ողջ աշխարհին ցույց կտա, որ ԵՄ երկրների միջեւ երբեք պատերազմ չի լինի: