Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունն այսօր՝ մարտի 14-ին, նշեց իր հիմնադրման 128-րդ ամյակը: Կառավարության նիստերի դահլիճում կազմակերպված միջոցառմանը ելույթ ունեցան Ոսկան արքեպիսկոպոս Գալփակյանը, «Սարգիս Տխրունի» ուսանողական երիտասարդական միության անդամները եւ ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանը:
Միջոցառման մեկնարկին հնչեցին ՀՀ եւ ՍԴՀԿ օրհներգերը:
«Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության վարչության անդամ Վարազդատ Փանոյանն իր ելույթում անդրադարձավ երիտասարդության խնդիրներին՝մասնավորապես գործազրկությանը, խոսեց նաեւ 2015թ. հայերի միասնականության կարեւորության մասին:
«Երիտասարդներին պետք է ապահովել աշխատանքով, պետք է քաջալերել, ոգեւորել, որ իրենց ուժն ու եռանդը դնեն երկրի կայացման եւ ամրապնդման մեջ, որ մեր մնան, ապրեն մեր երկրում, սիրեն մեր երկիրը: Մեր միությունը վճռական է տրամադրված, մենք լինում ենք այնտեղ, որտեղ խախտվում են երիտասարդների իրավունքները եւ պայքարում ենք դրանց վերականգնման համար»,- իր ելույթում ասաց Վարազդատ Փանոյանը:





























