Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը մասնակցելու է հաջորդ խորհրդարանական ընտրություններին: Այս մասին այսօր՝ մարտի 14-ին, ՍԴՀԿ հիմնադրման 128-րդ ամյակին նվիրված հավաքին հայտարարեց ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանը:
«Մենք խնդրելու ենք ՀՀ քաղաքացիների քվեն մեր ծրագրերի իրականացման համար: Դրա համար որեւէ պայմանավորվածություն չի եղել եւ չէր կարող լինել, չնայած վստահ եմ, որ դա մի քանի քաղաքական ուժերի կողմից շահարկումների թեմա է դառնալու, այն քաղաքական ուժերի կողմից, որոնք մեր երկրի հերն անիծեցին եւ որոնք որեւէ բարոյական իրավունք չունեն խոսելու այս երկրի ընդդիմության անունից: Ընդդիմությունը մասնագիտություն չէ, որեւէ մեկը մեզ չի կարող տալ ընդդիմության բակալավրի կամ մագիստրոսի աստիճան: Ընդդիմություն տալիս է Հայաստանի Հանրապետության քաղաքացին»,- ասաց Նարեկ Գալստյանը:
Երկրի քաղաքական դաշտում ստեղծված իրավիճակի համար Նարեկ Գալստյանը մեղադրեց ընդդիմադիր ուժերին՝ նշելով, որ իրական ընդդիմություն չկա։
«Ընդդիմադիր քաղաքական ուժերը վերջերս աղճատեցին քաղաքական դաշտը, արկածախնդրությամբ մոտեցան դրան, պատասխանատու են ստեղծված իրավիճակի համար»,- ասաց նա:
Նշենք, որ այսօր լրացավ ՍԴՀԿ հիմնադրման 128-րդ ամյակը:





























