Վրաստանի գլխավոր դատախազությունը խստացրել է երկրի նախկին ղեկավարների դեմ ներկայացրած մեղադրանքները։ Խոսքը Միխայիլ Սահակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամների դեմ 2007թ. նոյեմբերի 7-ին Բադրի Պատարկացիշվիլիի գույքի յուրացման գործով մեղադրանքի մասին է։ Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Քեզերաշվիլիին ներկայացրած մեղադրանքները վերաորակավորվել են։ Նախկինում նրան մեղադրում էին պաշտոնական դիրքը չարաշահելու, իսկ հիմա՝ նաեւ պետական միջոցների յուրացման մեջ։

 Ինչ վերաբերում է Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավային, նրան մեղադրում էին ծառայողական դիրքի չարաշահման մեջ, իսկ այժմ դրան ավելացել է նաեւ ապօրինի եկամուտներն օրինականացնելու եւ պետական գույքի յուրացման մեղադրանքները։

Հիշեցնենք, որ Վրաստանի դատախազությունը 2014թ. հուլիսին հայտարարել էր 2007թ. ցույցը ցրելու եւ «Իմեդի» հեռուստաընկերությունում անկարգությունների գործերը բացահայտելու մասին։ Այս գործով մեղադրանք էր ներկայացվել նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին եւ արդարադատության նախկին նախարար Զուրաբ Ադեիշվիլիին։